Wednesday, August 19, 2009

Ձեռնարկվելու են քայլեր կայքէջերի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ

Հայաստան -- Հակերների կողմից «դիմազրկված» Հարկային պետական ծառայության կայքէջը, 10-ը օգոստոսի, 2009 թ. «Ազատություն» -18-8-2009- Հայաստանի նախագահի աշխատակազմին կից հասարակության հետ կապերի ու տեղեկատվության կենտրոնն ու Ազգային անվտանգության ծառայությունը իրականացրել են հատուկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ի հայտ են բերվել երկրի պետական մարմինների կայքէջերի խոցելի տեղերը, եւ առաջիկայում ձեռնարկվելու են քայլեր այդ կայքէջերի խոցելիությունն էապես նվազեցնելու ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյան ասաց, թե այսօրվա աշխարհում չկան չկոտրվող կայքեր, սակայն այլ խնդիր է հատկապես պետական կառավարման մարմինների կայքէջերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը: Վերջին շրջանում, հիշեցնենք, Հայաստանի պետական ու մասնավոր հատվածի մի շարք հաստատությունների կայքէջեր կրկին ենթարկվեցին հարձակումների, եւ որոշ փորձագետներ հարց բարձրացրեցին, թե ինչքանո՞վ է արդյունավետ ինտերնետ անվտանգությամբ զբաղվող մեր պետական մարմինների աշխատանքը:«Մենք պատրաստվում ենք այդ ուսումնասիրության արդյունքները զեկուցել մեր ղեկավարությանը, եւ ես ավելի քան վստահ եմ, որ շատ կարճ ժամկետում դրանք կենթադրեն իրական կիրառական քայլեր այդ կայքէջերի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ», - ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով, կայքէջերի խոցելիության պատճառներից մեկն այն է, որ մինչ օրս պատասխանատուները այդ կաքէջերը պատվիրել են ամենատարբեր ընկերությունների, որոնց տված անվտանգության երաշխիքները չեն բավարարում ժամանակի չափանիշներին: «Արդեն իսկ մշակվում են չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի պետական կառավարման մարմնի որեւէ կայք», - հավելեց Սաղաթելյանը:Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս ապրիլի 30-ի կառավարության որոշումից հետո` ուժեղացնել պետական մարմինների կայքէջերի անվտանգության ապահովումը, ԱԱԾ-ում ստեղծվել է տեխնիկական հատուկ հանգույց, որի գործունեության արդյունքում հաջողվել է չեզոքացնել հայաստանյան պետական մարմինների կայքերի դեմ ուղղված հարձակումները։Մինչդեռ, Հայաստանի վարչապետի գլխավորությամբ գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ, հայկական կողմի ձեռնարկած քայլերը ընդամենը պաշտպանական են եւ ամենակարեւորը` չկա համալիր մոտեցում։«Մի հարձակում է կատարվում՝ մենք դրան ինչ-որ մի կարկատան ենք տալիս: Հետո մի ուրիշ տիպի հարձակում է լինում՝ մի ուրիշ կարկատան ենք տալիս: Չկա նախահարձակ, հայեցակարգային այն մոտեցումը, որը կմիավորեր ամբողջականությունը: Այսինքն՝ մենք կունենայինք լրիվ պատկերացում, թե ինչ է կատարվում կիբերտարածության մեջ եւ տեղեկատվական դաշտում եւ համապատասխանաբար կպատրաստվեինք դրան»:Համալիր մոտեցման առումով այլ տեսակետ ունի Արա Սաղաթելյանը, ում ներկայացմամբ` վերջերս ընդունված Տեղեկատվական անվտանգության հայացեկարգն էլ հենց կոչված է ապահովելու պետության համալիր մոտեցումն առկա խնդիրներին։«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը միանշանակ ուրվագծել է այն ամեն ինչը, ինչ հիմա արվում է: Հայեցակարգը իմպերատիվ կերպով թելադրում է նմանատիպ միջոցառումների իրականացումը: Սրանք բխում են տեղեկատվական քաղաքականությունից եւ պարտադիր բնույթ են կրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաղաթելյանը: Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի վերաբերյալ Գարեգին Չուքասզյանի կարծիքն այլ է. - «Արդեն այն փաստը, որ մասնագիտական լուրջ եւ լայն քննարկումներ չի անցել [հայեցակարգը], խոսում է այն մասին, որ այդ փաստաթուղթը կաղում է»:

No comments: