Tuesday, August 18, 2009

Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակը ցածր է, փորձագետ

Tert.am. 17-8-2009- Ադրբեջանական հակերների հարձակումները հայկական կայքերի վրա շարունակական բնույթ են կրում։ Մեր ընթերցողներն էլ շարունակում են մեզ տեղեկություններ ուղարկել կոտրված կայքերի մասին։ Մասնավորապես, Միքայել Ղազարյանը նկատել է, որ ՀՖՖ–ի և ԲՏԱ Բանկի կայքերի վրա հարձակում գործած որպես Իրաքի հակերներ ներկայացող անձինք ջարդել են նաև exclusive.am կայքը։ Մեր հերթին, մենք զրուցեցինք տեղեկատվական անվտանգության անկախ փորձագետ Հարություն Սարդարյանի հետ, ով Tert.am–ին տրամադրեց ադրբեջանցի հակերի կայքը, որտեղ փակցված է կոտրված հայկական կայքերի ցուցակը։ http://mix.az/hacking/32456-24-sayt-xaklandi.html կայքում նշված են մեծ թվով հայկական կայքեր, որոնք ջարդվել են ադրբեջանցի հակերների կողմից: Նրանցից մեծ մասն արդեն վերականգնվել են, սակայն նորանոր հարձակումները շարունակվում են: «Վերջին դեպքերն ապացուցեցին, որ տեղեկատվական անվտանգության մակարդակը Հայաստանում ծայրահեղ ցածր է», - մեզ հետ զրույցում նշեց Հարություն Սարդարյանը: «Կան մի շարք հիմնական պատճառներ, որոնք հանգեցնում են նման իրավիճակի: Ցավոք, այդ պատճառների վրա գրեթե ուշադրություն չեն դարձնում: Հայաստանում կայքերի պատվիրատուները հաճախ չեն հասկանում, որ էժան կայքը չի կարող լինել որակով և անվտանգ, ծրագրավորողներն էլ վճարված գումարին համապատասխան արդյունք են տալիս: Բացի այդ, կայքերի սեփականատերերը հաճախ չեն ցանկանում հետագայում վճարել կայքի սպասարկման համար: Դա էլ հնարավորություն է տալիս հակերներին ավելի ակտիվ լինել, քանի որ անվտանգության համակարգերը չեն թարմացվում և անընդհատ ուշադրության կենտրոնում չեն սպասարկվելու տեսանկյունից, իսկ հարձակումների մեթոդներն ու գործիքներն ժամ առ ժամ նորանում են», - ասել է փորձագետը: Սարդարյանը նաև հավելեց, որ շատ դեպքերում ապահովված չէ այն աշխատանքային մեքենայի անվտանգությունը, որից իրականացվում է մուտքը կայքի վարչարարական բաժին:

No comments: