Saturday, August 22, 2009

Ազատվել «Նաբուկոյից»՝ չնեղացնելով Հայաստանին ու հաճոյանալով Ադրբեջանին

«Նաբուկո» գազատարի ի հայտ գալը ի չիգ է դարձնում Ռուսաստանի՝ կասպյան տարածաշրջանում գերիշխելու շուրջ բոլոր ծրագրերը։ Голос Америки ռադիոկայանի ռուսական բյուրոյին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բաքվի պետհամալսարանի պրոֆեսոր Ռուստամ Մամեդովը, ով զբաղվում է կասպյան տարածաշրջանի հարցերով։ Ըստ վերջինիս՝ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր Ռուսաստանի հետ տարվող բանակցություններում հետապնդում է իր շահերը։ «Այսպես, օրինակ, Բաքվի դիրքորոշումը կախված է լինելու նրանից, թե ով և ինչպես է օգնելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Մամեդովը։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա պրոֆեսորն իր մեկնաբանություններում ավելի հոռետես է. «Նրանք ստանում են մեր գազը, բայց հրաժարվում են օգնել մեզ լուծել խնդիրը, քանի որ Բաքուն չի ստորագրել «Նաբուկոյի» համաձայնագիրը։ Սա պատասխան է Արևմուտքին և Եվրամիությանն իրենց քաղաքականության համար, ինչպես նաև մտորելու ազդանշան՝ Ռուսաստանին։ Ըստ իս՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը մոտ են ղարաբաղյան խնդիրը և ռազմավարական գործընկերության հարցերը լուծել»։ Голос Америки-ի մեկ այլ զրուցակից, ռուս անկախ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը բոլորովին այլ կարծիքին է։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ավանդաբար հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ նման հարաբերություններ պահպանելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի կամ Արևմուտքի հետ։ «Բաքուն, իհարկե, կցանկանար, որպեսզի Մոսկվան ճնշում գործադրեր Երևանի վրա, և այդպիսով Ղարաբաղյան հակամարտությունը լուծվեր Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Սակայն կարծում եմ, որ դա քիչ հավանական է: Այո, Ռուսաստանն իր միջնորդական օգնությունն է առաջարկում, նույնիսկ պատրաստ է Լեռնային Ղարաբաղում իր խաղաղարարներին տեղակայել: Այս մասին դեռևս 1994թ. խոսում էր Պավել Գրաչյովը: Սակայն, Հայաստանի հետ հարաբերությունները խզել կամ Երևանի վրա ճնշում գործադրել Մոսկվան չի կարող և չի էլ պատրաստվում: Այդ իսկ պատճառով էլ Բաքվի այն հույսը, թե Մոսկվան կփոխի Ղարաբաղյան խնդրի շուրջ ունեցած իր դիրքորոշումը, կարծում եմ, որևէ հիմք չունի»,- ընդգծել է Ֆելգենհաուերը: Ռուս փորձագետի կարծիքը կիսել է նաև Ուելսի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռաթլենդը: Նա նշել է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին աջակցելու որոշում ընդունի` Հայաստանի հետ հարաբերություններին հարված հասցնելու հաշվին, ապա դա կհանգեցնի տարածաշրջանում ուժերի վերաբախշման: Դրան հավատալը շատ դժվար է»,- եզրափակել է Ռատլենդը: Tert.am

No comments: