Wednesday, September 23, 2009

Թուրքական նախապայմաններ

A1+- 22-9-2009- Թուրքիան Հայաստանին 4 նախապայման կառաջադրի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, նախապայմանները պետք է քննարկվեն Նյու-Յորքում Թուրքիայի վարչապետի և արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպման ժամանակ։ Առաջին և հիմնական նախապայմանը ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց ապահովելն է, այլ խոսքերով' ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին: Երկրորդ պահանջը նախորդ դարասկզբի դեպքերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է։ Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն հայ, թուրք, շվեյցարացի և ամերիկացի պատմաբաններ։ Մնացած երկու հարցերը կապված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք այցի հետ. մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 12-ը, և երկրորդ՝ Հայաստանի նախագահը պետք է այցելի Թուրքիա։ Այս նախապայմանների իրականացման դեպքում միայն Թուրքիան կգնա մերձեցման՝ ընդհուպ մինչև սահմանների բացումը։ Ըստ «Bakililar.AZ» -ի' այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 15-ին մեկնարկած 64-րդ նստաշրջանում վաղը սկսվում է ընդհանուր բանավեճը։ Այն կավարտվի սեպտեմբերի 28-ին։ Վաղվա բանախոսների թվում են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Մահմուդ Ահմադինեջադը։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին, իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, ըստ ՄԱԿ-ի տեղեկագրի, նախատեսված է ընդհանուր բանավեճի վերջին օրը' սեպտեմբերի 28-ին։

No comments: