Wednesday, September 9, 2009

ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ԱՆԿԱՐԱՆ ՀԱՇՎԻ Է ԱՌՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ»

«ԱԶԳ», 09-09-2009 -Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի տնօրեն Զեյնո Բարանը բավական բացահայտումներ է արել` «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսելով: Նա ասել է, թե հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխանւմ է Արեւմուտքի շահերին` Հայաստանի` Ռուսաստանից եւ Իրանից կախվածության նվազմանը, ինչին երկար տարիներ ԱՄՆ-ը չէր կարողանում հասնել, չնայած Հայաստանին ամեն տարի հսկայական օգնություն է տրամադրում. սահմանի բացումը, ըստ նրա, կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին: Իսկ հայերն ու թուրքերը կկարողանան միասին նայել անցյալին եւ կփորձեն բարելավել համատեղ ապագան: Իսկ ահա Ադրբեջանի շահերը, Բարանի խոսքով, Անկարան հաշվի է առնելու տարածաշրջանային բոլոր, այդ թվումՙ հայ-թուրքական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ժամանակ: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման առիթով Ադրբեջանի անհանգստությունը, որը Թուրքիայում, ըստ նրա, շատերի համար հասկանալի է, Զեյնոն խոստովանում է, որ ինքն էլ է հասկանում. «Սակայն չեմ հավատում, որ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ կանի», ասել է նա` դրա համար պատճառ նշելով ոչ միայն էներգետիկ շահագրգռությունները, այլեւ այդ երկու ժողովուրդների կապվածությունը: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ Զ. Բարանը չի թաքցրել, թե մոտակա ամիսներին ղարաբաղյան կարգավորման բանակցություններում պետք է ճեղքման սպասել, քանի որ, ըստ նրա, մինչեւ տարեվերջ սահմանի բացումը արագացում եւ արդյունավետություն կհաղորդի բանակցություններին. «Ներկայիս համաձայնությունը կարող է վկայել հակամարտությունը կարգավորելու կողմերի ցանկության մասին: Առաջիկա ամիսներին բոլոր երեք կառավարությունները (նկատի ունի Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարություններին) ձգտելու են լուծել այդ դժվար եւ կարեւոր հարցերի փաթեթը: «Դա թույլ կտա, որ տարածաշրջանն այլեւս չդառնա փոխադարձ մեղադրանքների եւ սպառնալիքների թատերաբեմ», ասել է փորձագետ տիկինը: Կրկին հիշեցնենք, որ այս տեղեկատվության աղբյուրը «Թուրան» գործակալությունն է, իսկ գիտեք, որ այս կարգի աղբյուրները երբեմն զերծ չեն շահագրգիռ աղավաղումներից...

No comments: