Wednesday, September 9, 2009

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ «ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ», ԱՅԼ ՈՉ ԹԵ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԻ»

«ԱԶԳ», 09-09-2009 -«Ազգը», նախորդ համարում ընդգծելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների բովանդակության կարեւորությունը, մեր պատկերացումներն ամբողջացնելու համար կարեւոր էր համարել նաեւ օտարերկրյա պետական գործիչների գնահատականը: Այդպիսի գործիչ է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանը, նաեւ թուրքամետ հայացքների տեր, ուստի, նպատակահարմար էինք գտել Հայաստանի եւ Թուրքիայի զույգ արձանագրություններով պայմանավորված «հաշտեցման» հարցում ներկայացնել նրա տեսակետները, թե երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատումը չպետք է վերջակետ դնի ցեղասպանության ճանաչման քաղաքական նախաձեռնություններում: Խոսքը տվյալ դեպքում «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի» մասին է, որը, ինչպես նշված է արձանագրությունների հավելվածում, գործելու է միջկառավարական երկկողմ հանձնաժողովին առընթեր, որպեսզի «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով» հստակեցնի գոյություն ունեցող խնդիրները: Հատկանշական է, որ թուրքական ընդդիմությունը արձանագրություններին առարկելիս, հենց այս ենթահանձնաժողովի առնչությամբ է քննադատում Էրդողանի կառավարությանը, թե դրանք չեն ներառում «այսպես կոչված Հայոց ցեղասպանության հայկական պնդումները դատապարտող» ձեւակերպումներ, իսկ հայկականըՙ ենթահանձնաժողովի ստեղծումը պայմանավորում է «ցեղասպանության հարցում Թուրքիայի տեսակետներին տուրք տալու» իշխանությունների պատրաստակամությամբ: Այլ կերպ, այս ենթահանձնաժողովը դարձել է ընդդիմության գլխավոր թիրախը ինչպես Թուրքիայում, այնպես էլՙ Հայաստանում: «Ցեղասպանությունը», ինչ խոսք, քաղաքական հասկացություն է, իսկ գիտնականները կարող են եզրակացության հանգել, այլ ոչ թե քաղաքական գնահատական տալ իրադարձություններին, այն էլՙ ուսումնասիրության արդյունքում միայն: Ուսումնասիրությունները ենթադրում են բանավեճ, որի պայմաններում անխուսափելի է դառնում ուսումնասիրվող թեմայի շուրջ քննարկումների ծավալումը: Եթե ենթահանձնաժողովը չի անդրադառնալու Հայոց ցեղասպանության փաստին, ապա ինչ նպատակ է հետապնդելու «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունը», ո՞րն է լինելու դրա թեման, եթե ոչ 1915-ի իրադարձությունները: Ինչ վերաբերում է ուսումնասիրությունների նպատակին, ապա դրա պատասխանն էլ պարզորոշ տալիս է ցեղասպանությամբ թուրքական ժխտողականությունը: Այսպիսով, «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովը» հայկական կողմի համար դառնում է ռիսկային, իսկ դրա ստեղծման նպատակահարմարությունըՙ առնվազն վիճարկելի: Ենթահանձնաժողովի հարցին «Թարաֆ» թերթի սեպտեմբերի 4-ի համարում հրապարակված հարցազրույցով անդրադարձել է Թաներ Աքչամը: Մինչ այդ, սակայն, նշենք, որ սեպտեմբերի 6-ին նույն թերթում նրան պատասխանել է պատմաբան Այշե Հյուրը, գրելով. «Մինչ երկրում շարունակվում էին վարչապետ Էրդողանի կառավարության «քրդական նախաձեռնության» քննարկումները, հանկարծ որպես նախաձեռնություն, շրջանառության մեջ դրվեց նաեւ հայաստանյանը: Իմ կարծիքով, դեռեւս չվավերացված արձանագրություններում ամենաուշագրավը «պատմության» ենթահանձնաժողովն է: Ըստ մամուլի, այս հանձնաժողովն ստեղծվում է ուսումնասիրելու «այսպես կոչված» բառակապակցությամբ արտահայտվող ցեղասպանության պնդումները: Թաներ Աքչամը հարցազրույցում ասում է, որ «հարաբերությունների նորմալացումը» պետք է տարանջատել պատմական անցյալով պայմանավորված «հաշտեցման» հարցերից: Համամիտ եմ: Միաժամանակ նա պնդում է, որ թեման քաջածանոթ է գիտական շրջանակներին, չկա որեւէ բան, որ նրանք չիմանան: Գուցե այս շրջանակները ամեն ինչ գիտեն, սակայն հայերի ցեղասպանությունը հասարակական հիշողությունից ջնջելու հարցում Թուրքիայի քաղաքական ընտրախավն ու ժողովրդական զանգվածները ի սկզբանե համերաշխ են եղել: Դրա հաղթահարումը միայն հնարավոր կդարձներ թուրքական հասարակության մեջ շիզոֆրենիկ արտահայտությունների պատճառ դարձած 1915-ի «փակագծի» առողջ դատողությամբ փակումը: Կառավարության «հայաստանյան նախաձեռնությունը» կարեւոր է հենց այս տեսակետից, միայն թե դա համապատասխանի միջազգային իրավունքի եւ համամարդկային էթիկայի նորմերին»: «Վճռելու են քաղաքական գործիչները, այլ ոչ թե պատմաբանները» վերնագրով հրապարակված հարցազրույցում Աքչամը նշում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ «հարաբերությունների նորմալացման» եւ պատմական անցյալով պայմանավորված «հաշտեցման» երկու գլխավոր հիմնահարցի առկայությունը: Նա ընդգծում է դրանց տարանջատման անհրաժեշտությունը, ապա եւ ավելացնում. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը պետք է հետեւի սահմանների բացումը: Ադրբեջանին պետք է հասկացնել, որ հանիրավի են նրա առարկումները, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից կշահի նաեւ ինքը: Որքան էլ նորմալացման քայլերը չհանգեցնեն պատմական անցյալից բխող հիմնախնդիրների կարգավորմանը, այնուամենայնիվ, կարգավորման համար կստեղծեն անհրաժեշտ նախադրյալներ»: Միջպետական հանձնաժողովի պատմական հարցերի, ենթահանձնաժողովի վերաբերյալ Թաներ Աքչամն ասում է. «Եթե կողմերի միջեւ առկա են խնդիրներ, եւ նրանք ուզում են լուծել այդ խնդիրները, միանգամայն տրամաբանական է, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով: Սակայն պետք է հստակ ճշգրտել հանձնաժողովի ստեղծման հանգամանքներն ու նպատակները: Կարծում եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ միջազգային շրջանակները հավանություն կտան այնպիսի հանձնաժողովի ստեղծմանը, որը, ինչպես թուրքական կառավարությունն է առաջարկում, նպատակամղված լինի «ցեղասպանության հայկական պնդումների ուսումնասիրմանը»: «1915-ի իրադարձությունները ցեղասպանությո՞ւն են, թե՞ ոչ» հարցը լուծելու համար անիմաստ է որեւէ հանձնաժողովի ստեղծումը: Երեւի մենք պետք է մոռանանք այդ մասին: Այս մոտեցումը բխում է սխալ ենթադրություններից: Գլխավորապես շեշտադրվում է «անտեղյակությունը», եւ ոմանք կարծում են, որ պատմաբանների կողմից հարցի ուսումնասիրության, ապա եւ դրա արդյունքների հրապարակման դեպքում կվերանա այդ «անտեղյակությունը»: Մինչդեռ ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային գիտական շրջանակները «անտեղյակության» խնդիր, որպես այդպիսին, չունեն: Պարզապես խնդիրը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է: Նույնը վերաբերում է քրդական հարցին: «Հանձնաժողովը ստեղծենք, որ ուսումնասիրենք 1915-ի իրադարձությունները եւ առաջնորդվենք նրա որոշումներով» ասելը նույնն է, ինչ քրդերին առաջարկելը. «Եկեք գիտական հանձնաժողով ստեղծենք, եթե գիտական ուսումնասիրությունը հաստատի քրդերի գոյությունը, ապա մենք էլ կհամակերպվենք նրանց գոյության փաստի հետ»: «1915-ի իրադարձությունների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությամբ» հանձնաժողովը ստեղծելու դեպքում դա իսկույն կկազմալուծվի: Պատմաբանը պատմական անցյալի մասին վճիռ կայացնող մարմին է: Այսինքն, խնդիրը «պատմական» չէ, այլ «իրավական», որպեսզի ճշտվի 1915-ի համար կարելի՞ է օգտագործել 1948-ի կոնվենցիայի «ցեղասպանություն» սահմանումը, թե՞ ոչ: Թաներ Աքչամը վերջում ավելացնում է. «Այս ամենով հանդերձ, իհարկե, կարելի է հանձնաժողովներ ստեղծել, որոնք կարող են ստանձնել երկու երկրներում համապատասխան հասարակական կարծիք եւ մթնոլորտ ձեւավորելու առաքելություն: Սակայն գլխավոր խնդիրը փոխվստահության հաստատումն է, ուստի հանձնաժողովը պետք է ստեղծվի երկու հասարակությունների միջեւ «վստահություն հաստատելու» սկզբունքով, այլ ոչ թե «պատմության մասին վճիռ» կայացնելու նկրտումով»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: