
«ԹԵՐԹ» 28-9-2009- «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ) Լեհաստանի հետ բանակցություններ է վարում բեռնատար վագոններ գնելու համար` Հայաստան-Թուրքիա երկաթգծին մատակարարելու համար: Ընկերությունը նաև հայտարարել է հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Ախուրյանի կայանարում լոգիստիկ կենտրոն կառուցելու մասին, գրում է «Независимая газета» ռուսական թերթը:
Վկայություններն այն մասին, որ Հայաստանը մտադիր է 120 բեռնատար վագոն գնել լեհական Պոզնանի գործարանից` Հայաստան-Թուրքիա երկաթուղու համար, հրապարակվել են լեհական որոշ լրատվամիջոցների կողմից այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ այս ձեռնարկություն է այցելել Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:
Gazeta Wyborcza հեղինակավոր թերթը գրել է, որ այս պատվերը գործարանին թույլ կտա դուրս գալ ճգնաժամից: Հայաստանի ԱԳՆ-ը, սակայն, հերքել է այս տեղեկատվությունը` հայտարարելով, որ դեսպանի՝ Պոզնան այցելելը կապված է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման հետ: Հայաստանի արտաքին գերատեսչության դիրքորոշումը, հավանաբար, բացատրվում է հայ-թուրքական Արձանագրությունների հանդեպ հայերի ոչ միանշանակ վերաբերմունքով, գրում է թերթը:
ՀԿԵ-ում նույնպես որևէ մեկնաբանություն չեն տվել` հրաժարվելով նաև պատասխանել այն հարցին, թե ինչու են վագոններ գնվում Լեհաստանից, այլ ոչ թե Ռուսաստանից:
«Որևէ հստակության դեպքում կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- հայտարարել են ՀԿԵ-ում:
Ներկա պահին, բացի լեհական լրատվամիջոցների հողորդագրություններից, հստակություն է համարվում այն, որ Ախուրյանի կայարանում արդեն իսկ սկսվել են լոգիստիկ կենտրոն կառուցելու նախնական աշխատանքները:
ՀԿԵ-ն նախագծի համար տրամադրել է 90 միլիոն ռուբլի: Սահմանամերձ այս կայարանում լոգիստիկ կենտրոն կառուցելը բացատրվում է ՀԿԵ–ի բեռները թուրքական վագոններ տեղափոխելու անհրաժեշտությամբ:
Այն մասին, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին մոտ ապագայում կսկսի գործել, վկայում է նաև այն հանգամանքը, որ անկախ աղբյուրները հաղորդագրություններ են տարածում Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԱԿ) երկաթուղում շինարարական աշխատանքների դադարեցման մասին: Դեռևս այն ժամանակ, երբ նախագծվում էին ԲԹԱԿ-ի աշխատանքները, փորձագետները նշում էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման դեպքում դրա շինարարությունը կորցնում է իր իմաստը, քանի որ արդեն իսկ կա Գյումրիից Կարս տանող երկաթուղի:
Բացի այն, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացումը զգալիորեն կնվազեցնի Հայաստանի հաղորդակցական կախվածությունը Վրաստանից, այստեղ կա նաև մեկ այլ կարգի շահագրգռվածություն: Խոսքը գնում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի մասին: Նախորդ տարվա օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը արգելք դրեց իր տարածքով ռուսական բազայի համար ռազմամթերք տեղափոխելու վրա: Այսպիսով, դրանից հետո բազայի հետ մնացել է միայն թանկ օդային հաղորդակցության ուղին: Հարկ է նշել, սակայն, որ ռազմամթերքի տեղափոխման համար Մոսկվան առանձին բանակցություններ պետք է վարի Անկարայի հետ:
Հավելենք, որ օրերս Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿԵ-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը կարող է Հայաստան-Թուրքիա երկաթգծի աշխատանքները սկսել սահմանը բացելուց երկու օր հետո:
No comments:
Post a Comment