«Ազատություն» 29-9-2009- Լիբանանի հայ համայնքը պատրաստվում է բողոքի ակցիաներ անցկացնել` մերժելով հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Քանդահարյանի փոխանցմամբ, մասնավորապես, չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 30-ին «Դաշնակցության կազմակերպությամբ Բուրջ Համուդի [Բեյրութի հայաշատ թաղամասը] հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի նպատակն է մերժել թուրքական նախապայմանները` քողարկված այն նախապայմանները, որոնք տեղ են գտել նախաստորագրված արձանագրություններում»:
Նա հավելեց, որ ինչպես եւ այլ համայնքներում` Լիբանանում էլ հայ համայնքն ընտրել է բողոքի տարբեր միջոցներ։ Հոկտեմբերի 1-ին նախատեսված է «կլոր սեղան», որի ընթացքում քննարկվելու են այս թեմաները։
Շահան Քանդահարյանի խոսքերով, բողոքի միջոցառումներին մասնակցելու են ավանդական երեք կառույցները` Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունները։
«Երեք ավանդական կուսակցությունները համատեղ հայտարարությամբ մտահոգիչ են համարել արձանագրություններում Թուրքիայի նախապայմանների հետ համընկնող երեք կետերը։ Առաջինը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը խնդրո առարկա դարձնող ենթահանձնաժողովի ստեղծմանը, երկրորդը` Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչող երկկողմ պայմանագրին, եւ երրորդը, թեպետ դա ոչ բառացի է նշված, Ղարաբաղի հարցն է` արձանագրություններում հիշատակվում են միջազգային փաստաթղթեր սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության մասին, սակայն բացակայում է ազգերի ինքնորոշման նորմը», - ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։
Հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը ակնկալվում է հաջորդ շաբաթավերջին` Ցյուրիխում։ Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակ Նադին Օլիվիերիի փոխանցմամբ` կողմերը դեռ վերջնականապես չեն համաձայնեցրել օրը, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հոկտեմբերի 10-ին կամ 11-ին։
Մինչ այդ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի հայաշատ մի շարք երկրներ, մասնավորապես` Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան եւ Ռուսաստան, որտեղ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, համայնքների ակտիվիստների, հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում զրուցելու է հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի նպատակահարմարության մասին եւ փորձելու է փարատել սփյուռքահայերի մտավախությունները, թե դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու դիմաց Հայաստանից կպահանջվի ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու անընդունելի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում։
Tuesday, September 29, 2009
Լիբանանի հայ համայնքը պատրաստվում է բողոքի ակցիաների
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment