Tuesday, September 29, 2009

Մոսկվան ընտրում է չարյաց փոքրագույնը

Tert.am. 29-9-2009- Ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան չի կարողանում ցամաքային ճանապարհով որևէ բան ուղարկել Հայաստան և այնտեղ տեղակայված իր ռազմական բազան մատակարարել: Իսկ ահա Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցությունը փակ են, ադրբեջանական «Էքսպրես» թերթին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը: «Ստեղծված իրավիճակը չի բավարարում Հայաստանին և Ռուսաստանին: Իսկ ստեղծված իրավիճակից ելքը կայանում է Հայաստանի կողմից հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և Ռուսաստան տանող ցամաքային ճանապարհները բացելու մեջ: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանն այս հարցում չեզոքություն է դրսևորում և չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այն պարզապես չի կարող ստեղծված իրավիճակից այլ ելք գտնել»,- ընդգծել է նա: Բացի այդ, Նամազովը ուշադրություն է դարձնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Ուժեղացնելով ՌԴ հետ էներգետիկ համագործակցությունը` Ադրբեջանը փորձում է Մոսկվայի լոյալությունն ապահովել ղարաբաղյան հակամարտության դիրքորոշման հարցում: Բոլորը ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը Հարավային Կովկասի նկատվող գործընթացներն ընդունի ոչ թե ագրեսիվ, այլ նորմալ: Այդ իսկ պատճառով էլ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ստանալ Մոսկվայի աջակցությունը»,- նշել է Նամազովը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նոր ուղի կբացի դեպի Եվրոպա: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է դրա հետ, ադրբեջանցի փորձագետը նշել է. «Ստեղծված իրադրությունում Ռուսաստանը ստիպված է ընտրել չարյաց փոքրագույնը: Մոսկվայի համար այլընտրանքային տարբերակ է հանդիսանում ռուս-վրացական երկրորդ պատերազմ սկսելը` Վրաստանը բաժանելով երկու մասի` Հարավային Օսիայից մինչև Ախալքալաք: Այսպիսով, Ռուսաստանը ցամաքային ճանապարհ կբացի դեպի Հայաստան: Սակայն դա կարող է Ռուսաստանի համար մարդկային, քաղաքական, դիվանագիտական տնտեսական և այլ կորուստների հանգեցնել: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը Երևանի հետ ցամաքային հաղորդակցության ապահովումը տեսնում է Հայաստանի` Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները բացելու մեջ»:

No comments: