
Tert.am. 21-9-2009- «Կարծում եմ՝ եթե անգամ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հայ–թուրքական պատմաբանների ենթահանձնաժողովում, ապա այդ քննարկումները պետք է ընթանան ոչ թե 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և բնութագրելու ուղղությամբ, այլ թուրքական ժխտողականության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետևանքների ուղղությամբ։
Եթե Թուրքիան ցանկանում է վայելել Հայաստանի վստահությունը, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ակնհայտ է, որ առանց այդ փաստը ճանաչելու, նա չի արժանանա Հայաստանի վստահությանը»,– Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
Նշենք, որ շաբաթ օրվա մամուլը տեղեկություն է հրապարակել այն մարդկանց մասին, ովքեր պետք է ընդգրկվեն պատմական ենթահանձնաժողովում։ Թերթի հրապարակած հնարավոր անունների մեջ է նաև Հակոբ Չաքրյանի անունը։ Այս առնչությամբ թուրքագետը մեզ ասել է, որ այդ հանձնաժողովում ընդգրկվելու մասին ինքն առաջին անգամ է լսում, հետո էլ հավելել է, թե հիշյալ միջկառավարական հանձնաժողովում պատմաբաններն անելիք չունեն։
«Պատմաբանները կարող են ուսումնասիրել, եզրահանգումներ անել, բայց քաղաքական գնահատականներ չեն կարող տալ, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական խնդիր է, և հետևաբար պատմաբանների հանձնաժողովում ընթացող քննարկումները Հայոց ցեղասպանության փաստը վիճարկելու ուղղություն չպետք է ունենան։ Դա փաստ է ու արդեն ընդունվել է 22 երկրների՝ որոշ դեպքերում խորհրդարանների մակարդակով»,– ասել է թուրքագետը։
Ինչ վերաբերում է զիջումների մասին խոսակցություններին, Չաքրյանը նկատել է, թե ՀՀ նախագահն ու արտգործնախարարն անընդմեջ շեշտել են, թե որն է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը, և ըստ դրա՝ Հայոց ցեղասպանության փաստը Հայաստանի համար անվիճարկելի է։
No comments:
Post a Comment