Wednesday, September 30, 2009

Հիլլարի Քլինթոնը մտահոգված է հայերի «ազգայնական» պահանջներից եւ թուրքերի «ղարաբաղյան» նախապայմաններից

News.am. 29-9-2009- Ինչպես հաղորդում է հեղինակավոր The New York Times թերթը՝ հղում անելով Reuters գործակալությանը, ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չէր ուզի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունները կասեցվեն Հայաստանի «ազգայնական» պահանջներով՝ կապված 1915թ. դեպքերը որպես Ցեղասպանություն գնահատելու փաստի հետ, կամ թուրքական կողմի պահանջներով՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել հարաբերությունների կարգավորման խոստումը կատարել խելամիտ ժամկետներում։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը «հաստատապես աջակցում է» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ հավատարիմ է մնում գործընթացին աջակցելու գաղափարին։ Քլինթոնը մտադիր է ներկա գտնվել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը։ Համաձայն NZZ online պարբերականի՝ արարողությունը կկայանա հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը Շվեյցարիա կժամանեն Հայաստանին եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Քլինթոնի այցը դեռ հաստատված չէ, սակայն հյուրանոցային համարները նախապես պատվիրված են։

No comments: