Saturday, September 12, 2009

Դավութօղլուն հայ - թուրքական հարցով հանդիպումներ է անցկացնում խորհրդարանում

«Ազատություն» 11-9-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը հանդիպումներ է սկսել խորհրդարանում` նպատակ ունենալով հաղթահարել մի շարք քաղաքական ուժերի հակազդեցությունը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. - «Նպատակ ունենք լուսաբանել ստորագրվելիք արձանագրությունները բոլոր քաղաքական կուսակցությունների, հաստատությունների եւ քաղաքացիական մարմինների համար»: Նա հավելել է, որ հանդիպումների խնդրանքով դիմել է նաեւ ընդդիմության առաջնորդներին: «Ցանկանում ենք խորհրդակցություններ անցկացնել մինչեւ հոկտեմբեր` ամառային արձակուրդից խորհրդարանի վերադառնալը», - ասել է Դավութօղլուն: Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ կտրուկ ընդդիմանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրին, որը, ըստ նրանց, հակասում է Թուրքիայի շահերին եւ սպառնում է տարածաշրջանում երկրի դաշնակից Ադրբեջանի հետ կապերին: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական-ժողովրդական կուսակցության կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը, մասնավորապես, այս ամիս հայտարարել է, թե իր կուսակցությունը չի սատարի հայ - թուրքական համաձայնությունները, «մինչեւ Հայաստանը դուրս չգա Լեռնային Ղարաբաղից»: Մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցության` «Ազգայնական շարժման» ղեկավար Դեւլեթ Բահչելին էլ, իր հերթին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները բնորոշել է որպես «Թուրքիայի հանձնվելը Հայաստանին»: Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները ենթակա են վավերացման երկուր երկրների խորհրդարանների կողմից:

No comments: