Saturday, September 12, 2009

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը կշնորհվի սեպտեմբերի 15-ին

Tert.am. 11-9-2009- Այս տարի Հրանտ Դինքի անվան հիմնադրամը Դինքի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը կանցկացնի սեպտեմբերի 15-ին՝ հայազգի լրագրողի ծննդյան օրը, հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Ստամբուլից։ Մրցանակը շնորհվելու է նրանց, ովքեր աշխատում են հանուն այն աշխարհի, որն ազատ է ռասայական խտրականությունից, բռնություններից, ովքեր հանուն իրենց գաղափարախոսության վտանգում են կյանքը, խոսում խաղաղության լեզվով և, գործելով նման կերպ, քաջալերում և ոգևորում են մյուսներին։ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի նպատակն է այդ մրցանակաբաշխության միջոցով հիշեցնել բոլորին, ովքեր պայքարում են հանուն իրենց գաղափարների, որ իրենց ձայնը լսելի է, աշխատանքը՝ տեսանելի, և որ նրանք միայնակ չեն։ Նշենք, որ Հիմնադրամը ստեղծել է մրցանակաբաշխության հատուկ հանձնաժողով, որն էլ կորոշի այդ տարվա թեկնածուներին։ Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն են Ալի Բայրամօղլուն (մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը), Ռաքել Դինքը (Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի նախագահը), ինչպես նաև Դելալ Դինքը, Ռոբեր Կոպտասը, Բեթուլ Թանբայը, Էթյեն Մահսուպյանը և Սայբել Ասնան։ Նշենք, որ այս հանձնաժողովը կորոշի նաև հաջորդ տարվա թեկնածուների և մրցանակակիրների անունները։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի սեպտեմբերի 15-ի երեկոյան՝ ժամը 20։30-ին, Ստամբուլի Cemal Reşit Rey դահլիճում։

No comments: