Monday, October 5, 2009

ՆՈՒՅՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՉԷ՞Ր ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Մատենադարանի գիտաշխատող Արշակ Բանուչյանի հետ: «Լրագիր» 5-10-2009- Արդեն կարծես թե որոշակիացել է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվելու են հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունները։ Ձեր կարծիքը արձանագրությունների, եւ, մասնավորապես, պատմական հարցերի ուսումնասիրման համար ստեղծվող ենթահանձնաժողովի մասին։ Չեմ կարծում թե այն նորերս է որոշակիացել։ Ի սկզբանե, արձանագրությունների հրապարակման պահից իսկ հայտնի էր, որ ոչ մի քննարկում նպատակ չունի արդեն համաձայնեցված, կամ ինչպես ասում են «նախաստորագրված» արձանագրություններում փոփոխություններ կատարելու, եւ կամ քննարկման արդյունքները որեւէ ձեւով օգտագործելու։ Փոփոխություններ կատարելու համար ոչ համապատասխան իրավական մեխանիզմներ կան, եւ ոչ էլ եղած արձանագրություններում նախատեսված են նման հնարավորություններ։ Այս քննարկումները՝ եթե կուզեք «մարդկանց ուղեղները լվանալու» մի պարզագույն, պարզմիտ միջոցառում է եւ մտավարժանքի նյութ։ Ըստ էության նախաստորագրված արձանագրություններին ամենահավսարակշռված քաղաքական գնահատականը տվել է Կոնգրեսը իր այդ առիթով տված հայտարարությամբ։ Ավելին, վերջին մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսն ու նրա առաջնորդը բազմիցս ահազանգել են ներքին եւ արտաքին քաղաքականության, ԼՂ կարգավորման գործընթացում տարվող հանցավոր, ապաշնորհ քաղաքականության վտագները, որոնք որեւէ ձեւով չսթափեցրին ոչ իշխանություններին, ոչ էլ հեռուստաեթերում իշխանություններին գովերգող մտավորականներին ու քաղաքական գործիչներին։ Բացեք այս տարվա մայիս ամսին հրատարակված առաջին նախագահի «Հայ-թուրքական հարաբերություններ», «Վերադարձ» գրքերը։ Կտեսնեք, որ ներկայումս Հայաստանի առջեւ ահագնացող արհավիրքները ահազանգվել, կանխատեսվել են բազմաթիվ անգամներ։ Վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում այս իրավիճակից դուրս գալու միակ իրատեսական եւ հստակ ճանապարհը ցույց տվեց։ Այն է նոր նախագահական ընտրություններով հնարավորություն տալ նորընտիր, լեգիտիմ, ժողովրդի կողմից արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությանը շտկելու իրավիճակը, քանի դեռ նոր, անդառնալի սխալներ ու կորուստներ չեն արձանագրվել։ Անգամ համապետական նոր ընտրություններից սարսափած քաղաքական ուժերի «վախը փարատելու» համար հայտարարեց, որ իր թեկնածությունը չի դնի։ Դրանով որերորդ անգամ ցույց տալով նաեւ, որ իշխանության ձգտելը կամ իշխանության լծակներ պահելը ինքնահաճ մի ամբիցիայի դրսեւորում չպետք է լինի, այլ պետության, երկրի շահերից բխող պատասխանատվության ստանձնում։ Գործող նախագահին հուշելով, որ երկրի շահերից ելնելով հրաժարական տալը եւս քաղաքական կամքի դրսեւորում է։ Իսկ հանրությանը պարզաբանելով, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չի կարող լինել, այլ միայնումիայն պետական շահի տեսանկյունից այսօր նախընտրելի եւ անհետաձգելի մի միջոցառում։ Անշուշտ հասկանալի է, որ հրաժարական չի լինելու։ Իսկ արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերը, ցավոք, հրաժարականի պահանջով համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացնելու փոխարեն հասարակության ուշադրությունը այս օրերին ընթացող քննարկումների վրա սեւեռեցին։ Արտգործնախարարի հրաժարական պահանջելը, ստորագրահավաք կազմակերպելը ըստ էության արձանագրությունների ստորագրմանը նպաստող միջոցառումներ դարձան, որովհետեւ համաժողովրդական բողոքի միջոցով, նոր ընտրություններով քաղաքական անբարենպաստ իրադրությունը շտկելու փոխարեն, քաղաքական ուժերը նախընտրեցին իրենց ուժերը եւ հասարակության էներգիան ու ուշադրությունը սպառել արձանագրությունների քննարկումների վրա։ Իսկ տեքստի մանրամասներին անդրադառնալը, ինչպես արդեն ասացի, լոկ մտավարժանքի նյութ է։ Ավելորդ եմ համարում մեկ առ մեկ թվարկել արձանագրություններում առկա ամբողջովին լղոզված, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող կետերը։ Միայն պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը բավարար է այդ արձանագրությունները մերժելու համար։ -Շատ մտավորականներ, գիտական հաստատություններ ողջունում են այդ արձանագրությունները, մինչդեռ, լուրեր են շրջում, որ իրականում նրանք դժգոհ են արձանագրություններից։ Ինչպես կմեկնաբանեք նրանց արձագանքները։ -Եթե ողջունում են համոզված, որ արձանագրություններում որեւէ նախապայման չկա, կամ ցեղասպանության փաստն ուրանալու նախադրյալներ չկան, պետք է հասկանան նաեւ, որ սխալվելու, ձախողվելու կամ հնչեցված ահազանգերին անլուր լինելու պարագայում նրանք պատասխանատվությունից չեն ազատվում։ Իսկ մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը ուրանալով ու պղծելով անհամար զոհերի հիշատակը նույն հանցագործությունն են կատարում, ինչ ցեղասպանությունն իրականացնողները։ Եւ ոչ մի արդարացում չի կարող փրկել նրանց սերունդների անեծքից։ Նույնը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր դժգոհ լինելով թե արձանագրություններից, թե երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունից նույն գիտական հաստատությունների միջանցքներում ընդամենը տրտնջում ու չեն բարձրաձայնում։ Նույն վարքագիծը չէի՞ն նրանք որդեգրել մարտիմեկյան սպանդի ժամանակ, երբ սեփական ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսած, երկրի սահմանադրությունը ոտնահարած իշխանություններին ողջունում ու պաշտպանում էին, կամ պարզապես լռում։ Հանրահայտ ճշմարտություն է՝ ժողովրդի ճակատագրի տնօրինման իրավունքը ստանում են նույն այդ ժողովրդից ընտրությունների միջոցով։ Սա միայն նախադասություն չէ։ Սա կենսակերպի հիմք պետք է լինի։ Որոշումներ կայացնելուց ընտրված իշխանությունը թիկունքում զգում է նույն այդ ժողովրդին՝ իբրեւ ամուր հենարան, թիկունք ու պատվար, եւ արտաքին աշխարհի հետ բանակցում անվարան, ժողովրդի աջակցությամբ էլ ավելի ուժեղ լինելով։ Սեփական երկրում վստահություն չվայելող իշխանությունը բնականաբար չի կարող արտաքին ճնշումներին դիմադրել, եւ ուրեմն իր իսկ իշխանությունը երկարաձգելու համար ստիպված է զիջել ազգային-պետական շահերը։ Պետական ողջ մեքենան, իր դատաիրավական, հարկային եւ այլ լծակներով հալածում է հասարակության մեջ բոլոր նրանց, ովքեր փորձում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները։ Ցավոք փոխարեն սեփական ժողովրդի հետ հաշտության եզրեր գտնելու, իշխանության վարած քաղաքականության արդյունքում տիրող վերնախավի եւ ժողովրդի միջեւ ատելության եւ անվստահության անջրպետն էլ ավելի է խորանում։ Մինչդեռ ներկա մարտահրավերների պայմաններում եւ առհասարակ, օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է ազգային միասնություն մեր պետության, ազգային-պետական շահերի շուրջ։ Ես շատ եմ ցավում հատկապես միջանցքներում մնացած, մոլորված, շփոթված մտավորականների համար, որոնք ըստ էության լռությամբ «հաճոյանում» են իշխանություններին։ Ճնշելով ներքին բարոյական նկարագիրը, իրենց լավ չեն զգում եւ միաժամանակ քաջություն չունեն սեփական իրավունքներին տեր կանգնելու, կանգնելու ժողովրդի կողքին։ -Ձեր կարծիքով պատմաբանների ենթահանձնաժողով կկարողանան ձեւավորել եւ ովքեր մաս կկազմեն այդ հանձնաժողովին։ -Չեմ կարծում թե որեւէ մեկը կհամարձակվի նման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, կամ բանը դրան կհասնի։ Չնայած ով գիտե։ Վերջին մի քանի տարիներին այնպիսի ստորաքարշ արարքների, մարդկային կերպարին անհարիր այնպիսի դրսեւորումների ենք ականատես եղել, որ բացառել թե որեւէ մեկը դեմագոգիկ բացատրություններով չի մասնակցի… չեմ կարող բացառել։ -Իշխանությունները պնդում են, որ արձանագրություններում չկան նախապայմաններ, իսկ ընդիմությունը հակառակն է պնդում։ -Առհասարակ ես կարծում եմ, որ պատմական փաստերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը այս արձանագրություններում քողարկված ականներից մեկն է, որով Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ ավելի կվատթարանան։ Կարծում եմ հեռու չէ նաեւ այն օրը, որ այս փաստաթղթի ներքին խութերն իրենց ցույց կտան նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում։ Այս օրերին արձանագրություններում առկա բազմաթիվ դրույթներ, ինչպես գիտես տարբեր մեկնաբանություններ են ստացել, հաճախ հակընդեմ։ Իմաստ կա՞ արդյոք խոսել մի փաստաթղթի մանրամասների մասին, որը կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանելու։ Վերջերս հեռուստաեթերով արձանագրությունները ներբողողներից մեկն ասաց թէ «եթե թուրքերը այսպես մեկնաբանեն, մենք էլ այսպես կմեկնաբանենք»։ Կարծես «ով, որտեղ, երբ …» մրցախաղի են գնում մասնակցեն։ Մեկը հարցնող լինի, - իսկ ձեր մեկնաբանություններից որն է ճիշտ, որը ոչ, ո՞վ է վճռելու։ Ո՞վ է ձեր մրցավարը։ Ժամանակը, որ միակ անկաշառ դատավորն է, թույլ չի տալու բաց թողնված հնարավորությունները վերականգնել, իսկ սխալները շտկելու համար այլեւս ժամանակ չի տալու: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: