
News.am. 1-10-2009- Հանրային Խորհրդի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ առաջարկել պատասխանատվության ենթարկել երկրի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Լրագրողների հետ զրույցում Կամսարականը հայտարարել է. «Ինչպես անվանել, եթե ոչ հանցագործություն, նախարարի գործողությունները, որ չարաշահում է պաշտոնական լիազորությունները եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իսկական պայմանագիրն անվանում է ընդամենը արձանագրություն»: Կամսարականը հանցագործություն է համարում եւ այն փաստը, որ Նալբանդյանը հայտարարում է, թե այդ փաստաթղթերում չի խոսվում Կարսի պայմանագրի եւ Հայոց ցեղասպանության մասին: «Այն, որ ուղղակիորեն այդ մասին գրված չէ, չի նշանակում, որ չկա: Փաստաթղթերի դրույթները հստակ ապացուցում են այն, ինչ ասված էր Կարսի պայմանագրով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը անկախություն ստանալուց հետո չի վավերացրել այդ պայմանագիրը:
Նրա խոսքերով, սուտ է նաեւ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների վերաձեւման հարց չկա, քանի որ սահմանները գծվել են ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, իսկ Հայաստանը Հայկական ԽՍՀ իրավահաջորդն է: Կամսարականը հիշեցրել է, որ 1991թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագրում դա չկա, իսկ Կարսի պայմանագիրը դադարել է գործել 1922թ. դեկտեմբերի 30-ից՝ ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո:
No comments:
Post a Comment