Tuesday, October 13, 2009

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության և դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է: Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ` աշխարհի առջև կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Մինչդեռ, ինչպես մինչև փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ: Անխուսափելի այս ընթացքի մասին Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է մեկ տարի շարունակ` զգուշացնելով, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետևանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը և իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում: Հակազգային այս գործընթացը կանխելու և հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ և այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ: 12/10/2009

No comments: