Tuesday, October 13, 2009

Հայաստան և Թուրքիա. ֆուտբոլից շատ՝ քաղաքականություն

Tert.am.13-10-2009- Չնայած Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային չինովնիկները եկել էին նախնական համաձայնության, ըստ որի երկու երկրների հավաքականների միջև խաղերին ներկա չեն լինի հյուրընկալվող թիմի երկրպագուներ, այնուամենայնիվ, պատասխան խաղի ժամանակ թուրք երկրպագուների գոռում–գոչյունի մեջ հնարավոր կլինի տարբերակել Հայաստանի հավաքականի աջակիցների ձայները: Խաղին ներկա կլինեն Հայաստանից ժամանած լրագրողների, քաղաքագետների, սոցիոլոգների բազմաթիվ պատվիրակություններ, ովքեր ժամանել են Բուրսա` դիտելու մարզական հակամարտությունը, որը վերածվել է «ֆուտբոլային դիվանագիտության»: Վերադառնանք Բուրսային. մեծությամբ Թուրքիայի չորրորդ քաղաքն է: Համանուն շրջանի 2 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքը դիմավորեց մեզ քամու ուժեղ պոռթկումներով, և եթե հավատանք օդերևութաբաններին, դրանք կշարունակվեն նաև խաղի օրը: Քաղաքում, սակայն, առայժմ այդքան էլ չի զգացվում նախաֆուտբոլային եռուզեռը: Բայց տեղի ֆուտբոլասերերը համոզված են, որ եթե իշխանությունները ծայրահեղ ուշադիր չգտնվեն, ապա 20-հազարանոց մարզադաշտը հեշտությամբ կլցվի։ Խանութի վաճառող 40-ամյա Ակիֆը ամենևին էլ չի թաքցնում իր դժգոհությունը, որ ֆուտբոլային հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիայի և Հայաստանի նախագահները: «Ես բաց չեմ թողել նույնիսկ տեղի «Բուրասպոր»-ի ոչ մի մրցախաղ, իսկ այժմ, երբ քաղաքում է երկրի ազգային հավաքականը, չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես են քաղաքական գործիչները խանգարելու ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց խաղը»,- իր կարծիքը մեզ հետ կիսեց Ակիֆը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հավաքականին, ապա այն, դուրս մնալով հետագա մրցապայքարից, այնուամենայնիվ, հավաքում է մեծ թվով Բուրսայից երկրպագուներ, ովքեր, ի տարբերություն Ստամբուլի բնակիչների, բազմաթիվ առիթներ չեն ունենում տեսնելու սիրելի հավաքականի խաղը: Այստեղ նույնիսկ մեծ խանդավառությամբ են դիմավորում հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմին, ով իր պաշտոնում վերջին խաղն է անցկացնելու: 30-ամյա մենեջեր Գյունելը ասում է, թե ըմբռնումով է մոտենում ֆուտբոլային հանդիպման քաղաքական բաղադրյալին. «Երբեք չեմ հասկացել ծայրահեղ ֆուտբոլասերերին: Եթե ֆուտբոլը դուրս է եկել մարզաձևի շրջանակներից և կարող է օգնել երկրներին բարեկամանալ, ի՞նչ վատ բան կա, այն էլ այն դեպքում, երբ մերոնք չեն մեկնելու Աշխարհի առաջնության»:

No comments: