Tuesday, May 18, 2010

ԼԱՉԻՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈՒՆԸ ՊԱՏՃԱՇ ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈւՄ

Report.am. 18-5-2010- 1992 թ. մայիսի 16-17-ը ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ առան Լաչինը. այսպես ձևավորվեց մարդասիրական միջանցք` ցամաքային ճանապարհ, Հայաստանի և Արցախի միջև: Լաչինի առումով վերացվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև յոթ կիլոմետրանոց անջրպետը: Մի քանի տարի շարունակվող շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղը ազատ շնչելու հնարավորություն ունեցավ: Մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ հասցվեցին տասնյակ տոննա մարդասիրական բեռներ: Սակայն Լաչինով պատերազմը չէր ավարտվում. Լաչինով այն մտնում էր նոր փուլ: Լաչինի ազատագրումը պատշաճ չի գնահատվել մինչև այսօր, չնայած ե՛ւ ռազմավարական, ե՛ւ ռազմական, ե՛ւ պատմական ու մարդկային առումներով չափազանց կարևոր նշանակություն ունեցավ: Արցախի պայքարի գլխավոր նպատակը Հայաստանի հետ միավորվելն էր, ինչը չէր կարող իրականություն դառնալ, եթե երկու հայկական պետությունները չունենային ընդհանուր ցամաքային սահման: Որևէ կերպ կասկածի տակ չդնելով և չնսեմացնելով հայ ազատամարտիկների հերոսությունը` պետք է նկատել, որ Լաչինի ազատագրումը այնքան էլ դժվարությամբ չի եղել, ինչպես Շուշիինը: Պատճառներից մեկը և, թերևս, հիմնականը, Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն էր: Մայիսի 10-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը մեկնել էր Մոսկվա: Պավել Գրաչովը նոր էր նշանակվել Ռուսաստանի պաշտպանության նախարար: «Երդվում եմ Ալլահով, ես ծնկաչոք եկա և սկսեցի աղաչել նրան. «Պաշա՛, մենք չենք ուզում կռվել ռուսների դեմ: Մենք չունենք տեխնիկա: Վաճառի՛ր մեզ զենք»: Երկար զրույցից հետո նա զանգեց բանակի գեներալ Նիկոլայ Պոպովին: Ես վերադարձա Գյանջա, և արդեն մայիսի 10-ին ռազմական տեխնիկան ուղարկվում էր Զանգելան կայարան: Տեխնիկան հասավ Ղուբաթլուի և Լաչինի միջև ընկած հատված: Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Սաֆար Աբիևը ինձ համար անհայտ պատճառներով թողեց տեխնիկան ու զորքը և հեռացավ Լաչինից: Դա մայիսի 11-ն էր: Այն ժամանակ մենք դեռ վերահսկում էինք Թուրշսուն և Լաչինը… Արյունալի մարտեր էին գնում, իսկ Աբուլֆազ Էլչիբեյի, Հեյդար Ալիևի և Այազ Մութալիբովի կողմնակիցները Բաքվում շարունակում էին հանրահավաքները և պայքարում իշխանության համար»,- բանտից դուրս գալուց հետո ասել է Ղազիևը: Շուշիի դեպքերից հետո Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին: Մայիսի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտակարգ նիստում Մութալիբովը հայտարարեց, որ Խոջալուն և Շուշին կորցրել են քաղաքական վրիպումների հետևանքով, և եթե Բաքուն ռազմական հարցերով առճակատման չգնար Մոսկվայի դեմ, Շուշին չէր գրավվի: Նույն օրը նա վերականգնվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնում, ինչը տևում է ընդամենը մեկ օր: Ժողճակատը Մութալիբովի վերադարձը գնահատում է որպես «պետական հեղաշրջում» և բնակչությանը քաղաքացիական անհնազանդության կոչ անում: Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևը հեռուստաելույթում Մութալիբովի վերականգնումը անվանում է «ռազմապետական խռովություն»: Մայիսի 15-ին Մութալիբովը կրկին, այս անգամ՝ վերջնական, հեռացվում է իշխանությունից: Նա ռուսական ռազմական ուղղաթիռով հասնում է Մոսկվա, որտեղ և բնակվում է մինչև օրս: Մայիսի 16-ին Ադրբեջանում իրավիճակը վերահսկում էր Ժողճակատը: Մինչ այստեղ իշխանափոխություն էր ընթանում, ղարաբաղյան ուժերը ազատագրեցին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, իսկ մայիսի 18-ին ամբողջությամբ վերահսկողության տակ առան Լաչինը: Ադրբեջանցի վերջին զինվորները Լաչինը լքել էին մայիսի 16-ին: Ղազիևի ասելով՝ Լաչինում կար 7 միավոր «Գրադ» կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Սամվել Բաբայանը պնդում է, որ Լաչինի օպերացիա, որպես այդպիսին, չի մշակվել ընդհանրապես. «Շուշիից հետո ադրբեջանցիների շրջանում տիրում էր խուճապային տրամադրություն: Երբ մտանք Բերդաձոր, ընդամենը մեկ օր հակառակորդը դիմադրեց: Նրանք փորձում էին պահել բարձունքը, որպեսզի ժողովուրդը հասցնի դուրս գալ: Լաչինը ուղղակի հետևանք էր այն հաջողությունների, որ ունեցանք Շուշիում և Լիսագորում»: Մայիսի 26-28-ը Եգիպտոսում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանը «Ալ Ահրամ» թերթին ասել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բացված միջանցքը հայության աղետալի վիճակը կանխելու նպատակ էր հետապնդում. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տառապում էր պարենի ու դեղորայքի պակասից. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղարաբաղի բնակչությունը մտադիր չեն հող գրավել ավելի, քան անհրաժեշտ է հանրապետությունների միջև հաղորդակցության համար»: Կարմիր Քուրդստան Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը, 1992 թ. այցելելով Լաչին և Քելբաջար, գրել է. «Զարմանալի է. ամեն ոք այնտեղ խոսում էր քրդերեն, այլ ոչ՝ ադրբեջաներեն»: Զարմանալի բան իրականում չէր կարող լինել, որովհետև Լաչինում և Քելբաջարում երկու հարյուրամյակ գերազանցապես բնակվում էին հենց քրդեր, որոնք, լինելով մահմեդական, Կովկասի թաթարների (ադրբեջանցիների) հետ չունեին ո՛չ լեզվական, ո՛չ ծագումնաբանական, ո՛չ էլ մարդաբանական նույնություն: Քրդերը հնդեվրոպացիներ են. նրանց հայրենիքն այսօրվա Իրաքի Քուրդստանն ու շրջակա տարածքներն են՝ երբեմնի Մեդիա պետությունը: Քրդական տարբեր դինաստիաներ հետագա հարյուրամյակներում իշխել են առանձին թագավորություններում և պետություններում: Ծագումով քուրդ է եղել Այյուբյան դինաստիայի առաջնորդ Սալահադդինը, որ 12-րդ դարում միավորել է Սիրիան, Եգիպտոսը և Պաղեստինը: 18-րդ դարում Իրանում Քերիմ խանը հիմնադրել է Զենդական դինաստիան: 10-րդ դարի կեսերին Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքներում իշխում էր քուրդ Շադադյան դինաստիան՝ վարչական կենտրոններ ունենալով Դվին և Գանձակ (Գյանջա) քաղաքները: Հենց այս դինաստիայի մի ճյուղը հետագայում հաստատվեց Անի քաղաքում: Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տարի անց՝ 1064-ին« թուրք սելջուկները գրավեցին Անին« ապա քաղաքը վաճառեցին Շադադյան դինաստիային։ Ե՞րբ են քրդերը հաստատվել այսօրվա Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում: Տեսություններից մեկի համաձայն` դեռ 16-րդ դարում Իրանի շահը քրդական 24 ցեղերին Իրանի Քուրդստանից և Խորասանից բնակեցրել է այստեղ` ընդդեմ օսմանյան թուրքերի ընդարձակման: Ըստ մեկ այլ տեսության` քրդերը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ են տեղափոխվել 17-րդ դարում` այսօրվա իրաքյան Քուրդստանի Մոսուլի և Քիրքուկի շրջաններից: Մինչ Քելբաջարի, Լաչինի և շրջակա տարածքների քրդացումը, դարեր շարունակ գոյություն են ունեցել Քաշաթաղի ու Ծարի հայկական մելիքությունները: Մինչև 1920 թ. այս շրջանում մնացել էր միայն չորս հայաբնակ գյուղ` Հակը, Հարարը, Զեյվան և Ղազարապատը (Ալղուլի): 1923 թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշումով ստեղծվեց Քուրդստանի գավառը (ուեզդը), որը կազմված էր վեց շրջանից՝ Ղարաղշլաղի, Քելբաջարի, Ղուբաթլուի, Քոթուրլիի, Քյուրդ-Հաջիի և Մուրադխանլիի։ Այդ վեց շրջանները համապատասխանում էին Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Բերձորի) և Ղուբաթլուի շրջաններին: Գավառի կենտրոն դարձավ Լաչին (Աբդալար) ավանը։ Վեց տարվա գոյատևումից հետո`1929 թ.ապրիլին, համաադրբեջանական խորհուրդների 6-րդ համագումարի որոշումով Քուրդստանի գավառը վերացավ: Խորհրդային Ադրբեջանում գավառների փոխարեն ստեղծվեցին վարչական նոր միավորներ՝ օկրուգներ կամ շրջաններ: Խորհրդային Ադրբեջանի 13 գավառների փոխարեն ձևավորվեց 8 օկրուգ: 1930 թ. մայիսին ստեղծվեց Քուրդստանի օկրուգը, որը տարածքով գերազանցում էր Քուրդստանի գավառին, և Զանգելանի շրջանով դարձավ Իրանին սահմանակից: Օկրուգի կազմում ներառվեց նաև Ջեբրայիլի շրջանի մի մասը։ Լաչինը մնաց օկրուգի վարչական կենտրոն: 1930 թ. հուլիսին Խորհրդային Միությունում օկրուգները` որպես վարչական միավորներ, լուծարվեցին, ձևավորվեցին նոր վարչական միավորներ` շրջաններ։ Քուրդստանի օկրուգը մի քանի ամսվա կյանքից հետո վերացավ, սակայն Քուրդստան անունով շրջան չստեղծվեց։ Գերազանցապես քրդաբնակ շրջանները՝ Քելբաջարը և Լաչինը, որոնք ջրբաժան էին Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև, հետագա տասնամյակների ընթացքում շարունակեցին մնալ քրդախոս՝ մինչև ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ անցնելը: Քուրդստանի գավառի ստեղծումով խորհրդային ռազմավարները, հավանաբար, մտադիր էին նվազեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը։ Շրջանները, որոնց տարածքում հետագայում ձևավորվեց Կարմիր Քուրդստանը, 1918 թ. վեճի առարկա էին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ոչ թե Ադրբեջանն էր, այլ քրդական վարչատարածքային միավորը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի յոթ կիլոմետրանոց միջանցքը ստեղծվել է հենց 1920-ական թթ. կեսերից հետո: Նախապես Խորհրդային Հայաստանը և ԼՂԻՄ-ը բաժանվել են Հագարու (Հակարի) գետով, հետևաբար՝ Քուրդստանը ևս բաժանվել է երկու մասի: Խորհրդային քարտեզներում երևում է, որ Գորիսի և Շուշիի շրջանները մի կողմից, Քուրդիստանի երկու մասերը՝ մյուս կողմից, շատ պայմանականորեն են բաժանված միմյանցից. նրանց միջև բաժանարար գիծը Հագարու գետն է: 1928 թ. հետո տպագրված քարտեզներում արդեն երևում է մի քանի կիլոմետրանոց միջանցք Հայաստանի և Ղարաբաղի միջև: Այսպիսով, Լաչինի ազատագրումով նաև վերականգնվեց պատմական արդարությունը. այն տարածքները, որոնք եղել են բնիկ հայկական, վերադարձվեցին իրենց իսկական տիրոջը: Ազատագրումից 18 տարի անց, ցավոք, ոչ միայն պատշաճ չի գնահատվում Լաչինի նշանակությունը, այլև այն տարածքները, որոնք այսօր պատկանում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանին, շարունակում են մնալ հիմնականում չվերաբնակեցված կամ տարերայնորեն բնակեցված:

No comments: