Tuesday, October 13, 2009

Թուրքիայում իմացել են, թե ինչ չի ասել Դավութօղլուն Ցյուրիխում

Tert.am.12-10-2009- Թուրքական մի շարք լրատվամիջոցներ մեջբերել են Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը, որը վերջինս պետք է ընթերցեր հոկտեմբերի 10-ին Արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Արձանագրությունների կարևորության մասին` նշելով, որ դրանք կայունության և համերաշխության ճանապարհ կբացեն տարածաշրջանում: «Մի քանի տարի առաջ կային մարդիկ, ովքեր դժվար էին պատկերացնում, որ մենք կարող ենք այս փուլին հասնել: Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ նրանք սխալվում են... Այս պատմական պահին ես ցանկանում եմ կոչ անել ողջ աշխարհով սփռված հայ և թուրք ազգերին և միջազգային հանրությանը` - եկեք ապրենք առանց հակամարտությունների, որոնք ազդում են մեր տարածաշրջանի կայունության վրա - եկեք լուծենք խնդիրները և վերացնենք թշնամանքը - եկեք լուծենք բոլոր երկկողմանի խնդիրները և հասնենք խաղաղության և ներդաշնակության տարածաշրջանի բոլոր ազգերի միջև - Եկեք օգնենք նոր կարգ ստեղծել, որը օգտակար կլինի բոլորի համար...», - մասնավորապես, նշված է եղել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է Դավութօղլուի ելույթի անընդունելի կետերին, որոնց մասին խոսել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ապա կարելի է ենթադրել, որ դրանք են Թուրքիայի արտգործնախարարի հետևյալ արտահայտությունները, որոնք չհնչեցին Ցյուրիխում. «Թուրք և հայ ժողովուրդները տարբեր ընկալումներ ունեն մեր ընդհանուր պատմության ողբերգրական ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունենցած իրադարձությունների վերաբերյալ: Մենք չպետք է թողնենք ապագա սերունդներին նախապաշարմունքի և վրեժխնդրության ժառանգությունը: Հարաբերությունների զարգացման Արձանագրությունն անդրադառնում է նաև այս հարցին: Մենք վստահ ենք, որ Արձանագրության մեջ նշված ենթահանձնաժողովը գիտականորեն կքննի ընդհանուր պատմության ցավալի հատվածը և լույս կսփռի ճշմարտության վրա»:

No comments: