Tuesday, October 13, 2009

Հայ երիտասարադներ դժգոհ են

Ուսանողները խիստ անհանուրժողականություն են ցուցաբերել հայ-թուրքական քաղաքական, սոցիալական, միջանձնային շփումների ոլորտում: ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միություն օրերս հարցում է կատարել երիտասարդների շրջանում' պարզելու նրանց տեղեկացվածություն աստիճանն ու դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հարցումը կատարվել է Երևանի բոլոր պետական բուհերում։ Հետազոտության համար ընտրվել է պատահական ընտրանքի մեթոդը, որում ընդգրկվել են 150 ուսանող, ինչը թույլ է տալիս ապահովել ընտրանքի ներկայացուցչականությունը 5% սխալի հավանականությամբ։ Ըստ հարցման արդյունքների, հայ- թուրքական գործընթացին պարբերաբար հետեւում է հարցվածների 76%-ը, իսկ մեծամասնությունը՝ մոտ 68%-ը, հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերություններով եւ նորություններին տեղեկանում են նախ հեռուստատեսության ու ինտերնետային կայքերի, հետո ռադիոյի ու ծանոթների, վերջում' թերթերի միջոցով։ Ըստ նրանց, թեեւ հեռուստատեսությունը ինֆորմացիոն ամենալայն աղբյուրն է , սակայն այն քիչ վստահություն է վայելում: Հարցին, թե արդյո՞ք հետևում են հարաբերությունների զարգացման ընթացքին, միայն 47%-ն են դրական պատասխանել: Հարցումների ընթացքում պարզվել է, որ առավելապես տեղեկացված են այն երիտասարդները, ովքեր ընդգրված կամ անմիջական շփման մեջ են ՀԿ-ների կամ կուսակցությունների հետ: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում դրական միտումների ակնկալիք ուսանողները տեսել են միայն տնտեսական ոլորտում (53%), իսկ քաղաքական, սոցիալական, միջանձնային շփումների ոլորտում արտահայտել խիստ անհանուրժողականություն: Հայ-թուրքական հարաբերությունների ՀՀ պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ ուսանողների պատասխաններ եղել են այսպես. գոհ է ընթացիկ գործընթացներից - 10%, բոլորովին չի գոհացնում վարվող քաղաքականությունը - մոտ 71%, դժվարացել է պատասխանել- 18%: Հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը հետեւող ուսանողները նաեւ լուրջ մտահոգություն են հայտնել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության առիթով: Հարցվողների 42%-ի կարծիքով, այն կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի հետագա ընթացքի հետ։ Ինչ վերաբերում է նույնատիպ հարցադրմանը' Ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ, հարցվողների գրեթե 95%-ը կարծիք է հայտնել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը կկասեցվի:

No comments: