Wednesday, October 28, 2009

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս անգամ Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստատեսության էկրանից«ԱԶԳ», 28-10-2009 - Պակիստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ինչպես հոկտեմբերի 26-ին նշել է «Աքթիվհաբեր» կայքէջը, հարցազրույց է տվել Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը, պատասխանելով վրաց-օսական պատերազմում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման, Իսրայելի հետ տարաձայնությունների, Գազայի հատվածի ողբերգական իրավիճակի, ԱՄՆ-ի հրեական համայնքի, Իրանի միջուկային ծրագրի, Բալկանների քաղաքական զարգացումների եւ վերջապես Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու մասին հարցերին: Արաբական այս հեռուստատեսության «Հատուկ տեսակետ» ծրագրի հաղորդավար Շարիֆը վարչապետ Էրդողանին հարցրել է նաեւ «Թուրքիայի հայաստանյան նախաձեռնության եւ դրա ադրբեջանական արձագանքների» մասին: Ահա թե հարցին ինչ պատասխան է տվել Թուրքիայի վարչապետը. «Այս հարցում չկա որեւէ գաղտնի բան: Եթե ինչ-որ բան անհասկանալի կլինի, ապա մեր արտգործնախարարը կբացատրի, կպարզաբանի: Իհարկե, այս դեպքում էլ հարցը նպատակից շեղում են: Նորմալացման հարցը ես քննարկել եմ հարգարժան Օբամայի, ինչպես նաեւ հարգարժան Մեդվեդեւի հետ: Հարցի առնչությամբ Ֆրանսիայի արտգործնախարարին հանդիպեց իմ արտգործնախարարը: Նրանց խնդրեցինք, որ գործընթացին թեժ մասնակցություն ցուցաբերեն եւ արագացնեն կարգավորումը (նկատի ունի ղարաբաղյան հիմնահարցը): Եթե Մինսկի խմբին չհաջողվի որեւէ դրական հանգրվանի հասցնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրը, ապա մեր գործը (արձանագրությունների առումով), ինչ խոսք, կբարդանա»: Էրդողանը, նշելով Հայաստանի հետ նորմալացման գործընթացի առնչությամբ Ադրբեջանին նախքան արձանագրությունների ստորագրումը իրազեկելու մասին, ընդգծել է. «Չնայած այս հարցում մեր նմանօրինակ բծախնդրությանը, տեղի են ունենում մեզ հուզող զարգացումներ: Մանավանդ որ ես, որպես Թուրքիայի վարչապետ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանում (մայիսի 14-ին): Եթե այստեղ մի բան ասվել է, ապա հարցը դրանով փակված պետք է համարել, որովհետեւ ասողը խոսքի տերն է: Կարծում էի, որ մեր միջեւ վստահությունը հաստատված է: Եթե չկա փոխվստահություն եւ դա դեռեւս չի հաստատվել, ապա ինքս ինձնից չեմ կասկածում: Եթե կան կասկածողներ, ապա դա էլ նրանց խնդիրն է»:

No comments: