Tuesday, October 13, 2009

Վրաստանում կտեղակայեն ամերիկյան ռազմաբազանե՞ր

Tert.am.13-10-2009- Պենտագոնում, ըստ վերջերս տարածված տեղեկությունների, մշակվել է նախագիծ, որի համաձայն մինչև 2015թ. Վրաստանում տեղակայվելու են երեք ամերիկյան ռազմաբազաներ՝ երկու ցամաքային և մեկ ծովային, հայտնում է «Ախալի թաոբա» վրացական թերթը։ Նշենք, որ հաջորդ տարի կհայտնվի փաստաթուղթ նախագծի մանրամասն նկարագրությամբ, իսկ մեկ տարի անց այն պետք է հաստատի Միացյալ Նահանգների կոնգրեսը։ Բազաների շինարարությունը կավարտվի 2014-15թթ.։ Այդ նախագծի շրջանակներում Վրաստան են ուղարկվելու մոտ 25 հազ. ամերիկացի զինծառայողներ։ Ինչպես նշել է Վրաստանի նախկին վարչապետ, պրոֆեսոր Թենգիզ Սիգուան, Վրաստանը, որը շարժվում է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհով, պետք է տա իր համաձայնությունը երկրի տարածքում այլ երկրների ռազմաբազաների տեղակայմանը։ Ըստ Սիգուայի՝ Արևմուտքը, ամերիկացիները ցանկանում են լուրջ դիրքեր ունենալ Կովկասում, քանի որ այստեղով է անցնում դեպի Կենտրոնական Ասիայի հարստություններ տանող ճանապարհը։ «Եթե մենք ցանկանում ենք անդամագրվել ՆԱՏՕ-ին, ապա մենք պետք է հաշվի առնենք դաշինքի ցանկությունները։ Այդ մասին առայժմ բացահայտ չեն խոսում, բայց փաստ է, որ ամերիկացիները ցանկանում են ռազմաբազաներ ունենալ Վրաստանում։ Իսկ մենք պետք է նրանց ընդառաջ գնանք։ Եթե ռուսները ռազմաբազաներ են կառուցում Ցխինվալիում և Սուխումիում, մենք նույնպես կարող են թույլ տալ Արևմուտքին, ՆԱՏՕ-ին, Միացյալ Նահանգներին, որպեսզի իրենք իրենց բազաները կառուցեն Վրաստանի տարածքում։ Մենք այլ ելք չունենք։ Կարծում եմ, որ վրացական իշխանությունները կհամաձայնեն, որպեսզի մեր երկրում տեղակայվեն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ»,- հայտարարել է Սիգուան։

No comments: