Tuesday, October 27, 2009

ՀԱՅԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

«ԱԶԳ» 194, 27-10-2009- Հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, արտգործնախարար Դավութօղլուն հայ-թուրքական արձանագրությունների մասին պարզաբանումներ էր տվել պատգամավորներին: Նրանից հետո պատասխան ելույթով հանդես էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդերի շահերն արտահայտող «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունների բանախոսները: Քրդական այս կուսակցության անունից Դավութօղլուին պատասխանել է «Ժողովրդավարական հասարակարգ» խմբակցության փոխնախագահ Սելահեթդին Դեմիրթաշը : Նա, «Ակթիվհաբեր» կայքէջի վկայությամբ, խորհրդարանի ամբիոնից ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ առկա խնդիրը հանրապետության ժամանակաշրջանի ամենակարեւոր խնդիրներից է, իրենք աջակցում են Թուրքիա-Հայաստան արձանագրությունները եւ օգտակար համարում «Հայկական հարցի» համապարփակ քննարկումը: Այնուհետեւ Դեմիրթաշն ավելացրել է. «Հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները առ այսօր չեն արտացոլվել պատմության դասագրքերում: Այս երկրում «հայի ծառա» արտահայտությունը շարունակում է որպես հայհոյանք օգտագործվել: Թուրքիան նախ պետք է հրաժարվի պատմության դասագրքերում արտահայտվող խտրականության դրսեւորումներից: Դրա հետեւանքները ի վիճակի են գիտակցել միմայն նրանք, ովքեր խտրականության թիրախ են դարձել»: Վերջում նա քննադատել է վարչապետ Էրդողանի կառավարությանը, նշելով, որ երկրում հայերի նկատմամբ թշնամանքի վերացման համար կառավարությունը դեռեւս մատը մատին չի խփել:

No comments: