Tuesday, October 13, 2009

CnnTurk. Եվրամիությունը քննադատում է թուրքական օրենքները

Panorama.am 13-10-2009- Եվրամիության հանձնաժողովը վաղը հրապարակելու է Թուրքայի զարգացման վերաբերյալ իր պատրաստած զեկույցը, որով Անկարային կոչ է անելու որոշ օրենսդրական բաերփոխումներ իրականացնել` վերացնելով խոսքի և մտքի ազատության սահմանափակումը: «Եվրամիությունը քննադատում է թուրքական օրենքները» վերնագրի ներքո «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ, ըստ Եվրահանձնաժողովի, Թուրքիայում օրենքները բավականաչափ չեն նպաստում խոսքի ազատությանը, ինչ հետևանքով նախապատվությունը տրվում է դատավորների ու դատախազների մեկնաբանություններին: «Չնայած կատարված փոփոխություններին` զեկույցը նշում է, որ Թուրքիայում շարունակվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածից կառչելով մարդկանց հարցաքննել ու դատել: Խոսքի ազատության սահմանափակող հոդվածներ են դիտվել արժանավատվությունը վիրավորելու (125-131), հասարակական կարգի պահպանման (214, 216, 217, 218, 220), պետական անվտանգության (312, 314) և անբարոյականության (226) մասին հոդվածները»: Մասնավորապես նշենք, որ Թուրքիայի Քրեական օրենսգրգի «Թուրքերի ազգային արժանապատվության մասին» 301-րդ հոդվածը հնարավորություն է տալիս արտահայտած մտքերի ու համոզմունքների համար մարդկանց հետապնդել ու քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ հոդվածի զոհերից մեկը թուրք աշխարհահռչակ վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն է, որը տարիներ առաջ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Օսմանյան կայսրությունում բնաջնջվել է 1 մլն հայ և 30.000 քուրդ»: Նույն Օրհան Փամուքն իր հայրենիքը բնութագրել է հետևյալ կերպ. «Թուրքիան գեներալներին մեծարող, իսկ գրողներին բանտախուց նետող պետություն է»: Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով` 2003-2008թթ. 301-րդ հոդվածով Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 6745 քաղաքացու նկատմամբ, որոնցից 745-ը դատապարտվել են: Տասնյակ թուրք գրողներ Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել: Դատական հետաքննության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նրանք կասկածի տակ են դրել թուրքական պատմության պաշտոնական տարբերակը և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակել ցեղասպանություն, ինչն էլ տարբերվում է հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ պետական թույլատրելի կարծիքից:

No comments: