Sunday, November 8, 2009

Ս. Մարկեդոնով. Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբությունները նորմալ կլինեն, մինչեւ նա չասի «կամ մենք, կամ հայերը»

News.am 07.11.2009- Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբությունները նորմալ կլինեն այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները «կամ մենք կամ հայերը» պահանջով հանդես չգան Ռուսաստանի հետ հարաբերություններում։ NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք արտահայտեց Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։ Ըստ նրա՝ ռուսական դիվանագիտությունը, երբեք թույլ չի տա, որպեսզի Բաքուն նման հարցադրումով հանդես գա։ «Մոսկվայի համար կարեւոր են հարաբերությունները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»,-ընդգծեց փորձագետը՝ ավելացնելով, որ ներկայումս Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները վատ չեն։ Ըստ նրա՝ հետխորհրդային շրջանում երկու պետությունների հարաբերությունները մի քանի անգամ են վատացել։ «Ռուսաստանը Ադրբեջանից սպասում էր, որ նա Վրաստանին „նայի Մոսկվայի աչքերով“։ Ի դեպ նույնը սպասում էր նաեւ Հայաստանից»,-ասաց Ս. Մարկեդոնովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հայերին օգնելու համար։ «Բայց սա հիմնականում քարոզչության արդյունք է, ադրբեջանցիներն այստեղ գերագնահատում են Ռուսաստանի դերը»,- նկատեց վերլուծաբանը։ Ըստ նրա՝ տարածաշրջանում կատարվող փոփոխությունները ուղղված չեն որեւէ երկրի շահերի դեմ։ Ս. Մարկեդոնովի համոզամբ, եթե Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը կամ մեկ այլ պետությունները բարելավում են հարաբերությունները, ապա դա չի նշանակում, որ տարածաշրջանում նոր քաղաքական բազմաբեւեռ ուժ է ստեղծվում, պարզապես երկրները սկսել են հարաբերություններ ձեւավորել քաղաքական պրագմատիզմի հիման վրա։ «Այժմ չի կարելի խոսել, ինչ-որ պետության միաբեւեռ կողմնորոշման մասին։ Օրինակ Հայաստանը ռուսամետ է, որովհետեւ ՀԱՊԿ անդամ պետություն է, բայց միեւնույն ժամանակ հարաբերություններ է զարգացնում ՆԱՏՕ-ի հետ, եւ փորձում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, այս գործունեությունը Հայաստանում կոմպլեմենտարիզմ են անվանում, եւ կարծում եմ թուրքերն էլ են սկսել իրենց կոմպլեմենտար դրսեւորել», — նշեց Ս. Մարկեդոնովը։ Ըստ նրա՝ տարածաշրջանում մի քանի պետություններ են «վերաբեռնավորել արտաքին քաղաքականության օրակարգը», եւ հարաբերությունները սկսում են «զրոյական մակարդակից»։ Փորձագետի խոսքով, դժվար կլիներ 15 տարի առաջ խոսել թուրք-սիրիական, կամ թուրք-հայկական երկխոսության մասին, սակայն այսօր արդեն Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների երկու այցելություն է եղել, եւ հայ-թուրքական արձանագրություններ գոյություն ունեն։ «Բնականաբար Մերձավոր Արեւելքին շրջվելով՝ Թուրքիան չի հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու իր մտադրությունից, եւ շարունակում է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, սակայն դրանք արդեն չի կարելի անվանել տիրոջ ու ծառայի հարաբերություններ», — նկատեց Ս. Մարկեդոնովը՝ ավելացնելով, որ ցանկացած դիվանագիտական հարաբերության հիմքում ընկած է պետական շահը, իսկ դրանք այսօր թելադրում են համագործակցություն տարբեր ուժային կենտրոնների հետ։ Ըստ նրա՝ Թուրքիան եւ Ռուսաստանը ոչ կայսերական, եւ ոչ էլ խորհրդային տարիներին բարեկամներ չեն եղել, սակայն այժմ առկա են երկկողմանի հետաքրքրություններ, այդ պատճառով էլ մերձեցում է տեղի ունենում։

No comments: