Monday, November 9, 2009

Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարը սպառնում է իր երկրին հողային պահանջներ ներկայացնողներին

NEWS.am . 09.11.2009 - Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարը Մուշում գտնվելու ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք Թուրքիայի հողերի հետ կապված երազանքներ չկառուցի եւ սպառնացել ծուռ աչքով Թուրքիային նայողներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan-ը: Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդրըմը շրջելով Թուրքիայի արեւելյան հատվածներով (Արեւմտյան Հայաստան)` Մուշում այցելելով պատմական Սուլուխի կամուրջ, որը վերջերս է վերականգնվել` հանդես է եկել բավականին կոշտ հայտարարություններով: «Ոչ ոք մեր հողերի հետ կապված թող երազանքներ չկառուցի: Թուրքիան երբ վիճում էր հարեւանների հետ` ոչ մի բարեկամ չուներ: Այժմ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորեցինք, Իրաքի հետ ռազմավարական համագործակցություն սկսեցինք, Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնում ենք, Հայաստանի հետ էլ նույն կերպ ենք անում: Թուրքիան ինչո՞ւ է Հայաստանի հետ կապված վտանգ տեսնում: Մենք նրանց հետ ոչ մի խնդիր չունենք` նրանք էլ մեր հետ: Սակայն աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ ունեն: Բոլորը իրենց տեղը, հայրենիքը իմանալու են: Մենք ոչ ոքի վնաս չենք տա: Սակայն, երբ մեր երկրին աչքի պոչով նայեն` այդ ժամանակ` այդ աչքը կհանենք», ասել է Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդրըմը: Ի դեպ հնարարավոր է, որ թուրք նախարարի հետ մի բան կատարվում է: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը` նախարար Յլդրըմը մի քանի օր առաջ Ստամբուլում մասնակցելով մրցանակաբաշխության արարողության` առանց անուններ տալու քննադատել էր Google-ին եւ You Tube-ին: Ինչպես տեղեկացնում էր Hurriyet-ը` նախարարը նույնիսկ ասել է հետեւյալը. «Մեր քաղաքացիները Իրաք մտնելու թույլտվություն չտվեցին, սակայն գնացին այլ տեղից մտան»: Այս վերջին հատվածում նախարարը ակնարկել է ԱՄՆ-ին եւ Իրաք մտած մյուս երկրներին: Իսկ Մուշում նրա արած հայտարարության հասցեատերերին կարելի է համարել եւ հայկական Սփյուռքին եւ քրդերին: Քանի որ Մուշի բնակչությունը գերազանցապես քրդեր են եւ նրանք Մուշը ներառում են Քուրդիստանի մեջ: Մեկ ամիս առաջ Մուշի հարեւան նահանգի քաղաքապետերից մեկը հայտարարել է, որ Քուրդիստանը հենց այդ` արեւելյան նահանգներն են, որտեղ գերազանցապես ապրում են քրդեր: Հետաքրքիր զուգադիպությամբ պատմական Սուլուխի կամուրջի մոտ, որտեղ թուրք նախարարը սպառնացել է Թուրքիայի հողերին աչքի պոչով նայողներին` 1907 թվականի մայիսի 27-ին տեղի է ունեցել Գեւորգ Չաուշի զորաջոկատի եւ թուրքական բանակի միջեւ ճակատամարտ: Ճակատամարտից առաջ թուրք փաշան սպառնացել է Գեւորգ Չաուշին եւ մարտի ընթացքում ընկել հենց Գեւորգ Չաուշի գնդակից:

No comments: