
Tert.am. 09.11.2009 - Եվրոպան չի կարող «հանգիստ քնել», քանի դեռ Աբխազիան և Հարավային Օսիան ռուսական փշալարերով բաժանված են Վրաստանի մյուս տարածքներից, երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Վրաստանից անջատված մասերում գտնվող ռուսական զորքերը Սահակաշվիլին համեմատել է «դինոզավրերի» հետ և ասել, որ «դինոզավրերի կերպարով և փոքր ուղեղով այդ դինոզավրերը» դարպասներ են կառուցում և փշալարեր են անցկացնում իր երկրի վարչական սահմանների վրա` թույլ չտալով հազարավոր մարդկանց վերադառնալ իրենց տները:
«Այսօր, երբ Եվրոպան տոնում է Բեռլինյան պատի անկման 20-րդ տարելիցը… Վրաստանի սահմանով փշալարեն են անցնում»,- ասել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո իրենց տները կորցրած 100 ընտանիքներին տներ հանձնելու արարողության ժամանակ: Տները կառուցվել են Թուրքիայի Համագործակցության և զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ: Թուրքիայի պետնախարար Ֆարուկ Չելիքը նույնպես ներկա է գտնվել տների հանձնման արարողությանը:
«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ մեզ համար արեց Թուրքիան… Մենք ունենք հարևան, որն ավերում է, և մեկ այլ հարևան, որը արարում է։ Անցյալում մենք այնքան էլ լավ հարաբերություններ չենք ունեցել Թուրքիայի հետ, և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը նույնպես կսովորի այդ դասը, եթե ցանկանա դառնալ նույնքան ժամանակակից և հաջողակ երկիր, ինչպիսին որ այսօր Թուրքիան է», – Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում Civil Georgia-ն։
No comments:
Post a Comment