Wednesday, November 4, 2009

Ռ.Թովմասյան. «Ղարաբաղը ինքնորոշվել է Լենինյան սկզբունքներով»

Aysor.am, 4-11-2009- Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած Կոմունիստական կուսակցությունների միություն-ԽՄԿԿ հերթական 34-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի Կոմկուսի անդամների հետ ոչ մի հանդիպում, առավել ևս՝ Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր նիստի շրջանակներում Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության անդամները հանդիպել են Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ: Ըստ այդ լուռերի՝ նման տեղեկություն հաղորդել է Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռաուֆ Գուրբանովը, որը նաև պնդել է, որ Հայաստանի կոմունիստների հետ հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: «Համագումարի շրջանակներում որևէ հանդիպում, որևէ քննարկում կամ որևէ հարցի մասին մտքերի փոխանակում չի եղել», - հայտարարեց Ռ.Թովմասյանը, նշելով, որ դա ադրբեջանական կողմի հերթական սուտն է: «Ընդհակառակը՝ 2005 թվականին՝ Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի Կոմկուսի նախաձեռնությամբ Կոմունիստական կուսակցությունների միության քարտուղարությունն ընդունել էր Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, որին կողմ քվեարկեց նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- հայտնեց նա: Հայաստանի Կոմկուսի առաջնորդը շեշտեց, որ իր կուսակցությունը միշտ կանգնած է եղել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կողքին: «Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ինքնորոշվել է Լենինյան սկզբունքներով, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքին համաձայն՝ երկու հանրաքվեով: Ղարաբաղն ունի իր խորհրդարանը, կառավարությունը, նախագահը», - ասաց Կոմկոսի առաջնորդը, հավելելով, որ նաև անիմաստ է այսօր խոսել Ղարաբաղից ինչ-որ զիջումների մասին: «Այդ հարցում որևէ զիջումների գնալն անընդունելի կլինի հայ ժողովրդի կողմից, քանի որ մենք տվել ենք բավականին մեծ զոհեր և քանի տարի ապրում ենք բարդ պայմաններում՝ կապված Ղարաբաղյան հիմնահարցի հետ»,- շեշտեց Ռ.Թովմասյանը:

No comments: