Monday, November 30, 2009

ՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Lragir. 30-11-2009- “Այն, ինչ դեռևս սպասում է մեզ, թերևս առավե¬լագույն ճկունու¬թյուն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետև մեր կարևո¬րագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձ¬նելն է, երկխո¬սելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձևավորելն է”, նոյեմբերի 28-ին ՀՀԿ համագումարում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ համագումարի լուսաբանմանը, ինչպես Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բոլոր միջոցառումներին, նախագահի նստավայրից կրկին չի թույլատրվել մասնակցել Հայ ազգային կոնգրեսի համակիր դիտվող լրատվամիջոցներին` “Հայկական Ժամանակ”, “Չորրորդ Ինքնիշխանություն”, “Ժամանակ”, “Հայք”, “Տարեգիր”: Դա թերեւս հանդուրժողության եւ երկխոսության մթնոլորտին ուղղված հիանալի քայլ է, որ ամիսներ շարունակ կիրառում է նախագահի նստավայրը: Նախագահի նստավայրն իհարկե ունի այդ արգելքի կամ տաբուի համար իր բացատրությունը: Բայց արդյոք կարող է այդպիսի կեցվածքը եւ մոտեցումն ունենալ բացատրություն: Դա ոչ այլ ինչ է, քան պարզ ու պարզունակ քեն: Որեւէ այլ բացատրություն այդ պարագայում հիմնավոր չի թվում: Այո, այդ լրատվամիջոցները Սերժ Սարգսյանի հասցեին կոշտ, կտրուկ, նույնիսկ երբեմն շատ կոշտ վերաբերմունք են դրսեւորում: Բայց, եթե խոսք է գնում հանդուրժողության եւ երկխոսության մթնոլորտի ձեւավորման մասին, ապա թերեւս հենց կոշտն ու կտրուկն է պետք հանդուրժել, որովհետեւ փափուկն ու հանդարտը հանդուրժելը առանձնապես մեծ ջանք չի էլ պահանջում: Հանդուրժողը նրանով է հանդուրժող, որ այդպիսի կեցվածք է դրսեւորում կոշտ եւ կտրուկ վերաբերմունքին: Նա, ով դառնում է երկրի նախագահ, այն թիմը, որը հայտարարում է 21-րդ դարի չափանիշներով մտածելու անհրաժեշտության մասին, թերեւս պարտավոր է հանդուրժել նույնիսկ կոշտ քննադատությունը: Եթե այն անցնում է օրենքի շրջանակից, ապա պետք է ոչ թե արգելափակել տվյալ լրատվամիջոցի գործունեությունը նախագահի մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, այլ պարզապես փորձել դատական կարգով վիճարկել անօրինականությունը: Եթե լրատվամիջոցը նախագահի ինստիտուտի հանդեպ թույլ չի տվել անօրինական որեւէ բան, ապա այդ ինստիտուտի գործունեության լուսաբանման ճանապարհը նրանց համար փակելն ընդամենը քեն է, ուրիշ ոչինչ: Իսկ թե որքանով է քենը առնչվում հանդուրժողությանը, երկխոսությանը, 21-րդ դարի մտածելակերպին, դա արդեն թերեւս ամեն մարդ կորոշի իր համար:

No comments: