Saturday, November 28, 2009

«Սահմանի բացումը չի բխում ՌԴ շահերից»

A1+ 27-11-2009- ԼՂ հարցում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին մտահոգում է ոչ թե նախագահների, այլ' ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները: Իսկ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Աթենքում: «Այդ հանդիպումներում տեղի է ունենում այն, ինչը հետագայում հայտարարվում է «առաջընթաց»: Դա կոչվում է «Կորֆուի» գործընթաց: ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների վերաբերյալ բացարձակ ոչինչ չեն հայտնում, սակայն հետագայում պարտադիր են դառնում գործադիր մարմնի համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց տիկին Ալավերդյանը: Եթե երկու երկրների ղեկավարների հանդիպումները համարվում են բարի կամքի դրսեւորում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու գործընթացում, ապա ԱԳ նախարարների հանդիպումները Լարիսա Ալավերդյանը համարում է. «պարտավորությունների ստանձնում». «Դրանք լինում են պայմանավորվածություններ ժողովրդից թաքուն: Նույն Մադրիդյան սկզբունքներն ավելի քան 16 տարվա գործընթաց է: Ես համոզված եմ, որ այն գործընթացները, որոնք ընթանում են զուտ քաղաքական դաշտում, առանց իրավական հիմքերի' դատապարտված են ձախողման»: Տիկին Ալավերդյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը հանրությանը որեւէ բան չի հայտնի նաեւ Մյունխենյան հանդիպման մասին, քանի որ ասելու բան չունի. «Եկեք երեխա չլինենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական կողմի այն պնդումները, թե բանակցություններում սկզբում պետք է որոշվի ԼՂՀ-ի կարգավիճակը, հետո մյուս հարցերը, չի գործում: Բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ սկզբում խոսք է գնում է ազատագրված տարածքներից հայկական զորքի դուրս բերման մասին»: Ազատագրված տարածքներից զորքերի դուրս բերումը Լարիսա Ալավերդյանը համարում է անիրականանալի. «Ազատագրված տարածքները վերադարձնելը պատերազմ է: Այդպիսի գործընթացների որեւէ մի ղեկավար'լինի օրինական, թե անօրեն, չի գնա»: Տիկին Ալավերդյանին զարմացնում է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ կապ չունեն ԼՂ հիմնախնդրի հետ. «Թուրքիան հայտարարել է, որ փակել է սահմանը ԼՂ հիմնախնդրի պատճառով եւ այսօր չի կարող ուրիշ բան ասել: Թուրքիայի սահմանը փակելու եւ բացելու պատճառը պետք է նույնը լինի»: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման հարցում իրենց հույսը դրել են ոչ թե Թուրքիայի, այլ միջնորդների վրա, որ նրանք կկանխեն սահմանի բացումը. «Օրինակ նման երկիր կարող է լինել Ռուսաստանը: Հայ-թուրքական սահմանի բացումը չի կարող բխել Ռուսաստանի շահերից: Ռուսաստանի շահերից չի բխում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի ներկայությունը, որոնք իրականում ոչ թե խաղաղարար են, այլ խառնարար»: Իսկ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացումը Լարիս Ալավերդյանը բացառում:

No comments: