Saturday, November 28, 2009

Անկարայի եւ Մոսկվայի շահերը համընկնո՞ւմ են ղարաբաղյան հարցում

News.am. 27-11-2009- Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները չեն վերսկսվի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չափազանց խելոք եւ հեռատես քաղաքական գործիչ է, որ տարածաշրջանում նոր պատերազմ չսկսի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նա ընդգծեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանն ամեն կերպ խոչընդոտելու են ինչպես ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ այլ միջազգային կառույցներ, այնպես էլ Ռուսաստանը: «Հարավային Կովկասում պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Եվրոպային»,- նկատեց Ցիգանոկը եւ հավելեց, թե ռազմական գործողությունների սկսումը մեծապես կախված է Ռուսաստանից: Միեւնույն ժամանակ փորձագետը նշեց, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն խառնվի: Ինչ վերաբերում է Վաշինտոնի դիրքորոշմանը, այստեղ, Ցիգանոկի կարծիքով, հայկական լոբբին շատ ավելի ուժեղ է ադրբեջանականից: «Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսն ամեն տարի երկրի բյուջեում նախատեսում է ֆինանսական առանձին հոդված Լեռնային Ղարաբաղի համար: Դա շատ լուրջ է, եւ նշանակում է՝ աջակցել Ստեփանակերտի գործողություններին»,- վստահ է փորձագետը: Խոսելով բանակցային գործընթացի մասին ընդհանրապես, Ցիգանոկն ընդգծեց, թե առանց Ստեփանակերտի մասնակցության՝ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի: Ինչ վերաբերում է Ալիեւի վերջին ռազմաշունչ հայտարարություններին, փորձագետի կարծիքով, դրանք ուղղված են բացառապես Անկարային եւ նպատակ ունեն խոչընդոտել հայ-թուրքական սահմանի բացմանը: «Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների սրումը նավթի առաքման գնի բարձրացման Ադրբեջանի ցանկության եւ Թուրքիայի մերժման կապակցությամբ, ավելի են խորացել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ֆոնին: Ադրբեջանը նման հեռանկարը համարում է իր շահերին վնասող»,- նկատեց Ցիգանոկը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, թե Թուրքիան հետխորհրդային տարածքում հիմնական խաղացողն է եւ իր հնարավորություններով զգալի գերազանցում է անգամ Ռուսաստանին: «Բայց մյուս կողմից, արդեն իսկ լավ է, որ Ռուսաստանի եւ Անկարայի շահերը հետխորհրդային տարածքում համընկնում են, այդ թվում ե՛ւ ղարաբաղյան հարցում, ե՛ւ Անկարա-Երեւան հարաբերություններում»,- հայտարարեց փորձագետը:

No comments: