Wednesday, November 4, 2009

ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման տարբերակին. հերքում ադրբեջանական ապատեղեկատվությունը

Panorama.am-4-11-2009- Վաշինգթոնը Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել` սպառնացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի ռազմական սպառնալիք ներկայացնել ու ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս տեղեկությունը նախօրեին տարածել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» կուսակցությունը և որպես հիմնավորում նշել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի անունը: Ըստ ադրբեջանական աղբյուրի, «Վաշինգթոնը, ի դեմս Թինա Քեյդենաուի, պատասխան են տվել ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման համար ռազմական ուժի կիրառման մասին պաշտոնական Ադրբեջանի հաճախակի դարձած ռազմաշունչ հայտարարություններին»: Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թերի Դեվիդսոնը հերքել է այդ տեղեկությունը և հայտարարել, որ Թինա Քեյդենաուի արտահայտությունները ամբողջությամբ խեղաթյուրված են: «Նման բան տիկին Քեյդենաուն չի ասել: Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման տարբերակին», -ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակը: «Այդ հարցազրույցում նա ասել է հետևյալը` «Ես կարծում եմ` կարևոր է ասել, որ Միացյալ Նահանգները աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար ճանապարհով լուծման տարբերակին: Իմ նախագահը և Պետքարտուղար տիկին Քլինթոնը այդ ամենն արդեն հրապարակայնորեն ասել են, և նրանք երկուսն էլ հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Սա մի գործընթաց է, որի միջոցով փորձ է արվում լուծել ղարաբաղյան հիմնահարցը: Մինսկի խմբում վերջերս մենք նշանակել ենք Ռոբերտ Բրադկեին, ով մեր երկրի փորձառու դիվանագետներից մեկն է, և մենք հույս ունենք, որ ակտիվ գործընթացը հիմնահարցի լուծման շուրջ կշարունակվի նաև հետագայում»», -ամերիկացի դիվանագետի խոսքերը մեջբերել է մամուլի խոսնակը:

No comments: