Saturday, November 28, 2009

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՈՎ

«Լրագիր» 27-11-2009- Անշարժ գույքի շուկայում աշխատող ռիելթորներն ասում են, որ թուրքերն արդեն սկսել են հետաքրքրվել հայաստանյան անշարժ գույքի գներով:Հասցրե՞լ են Հայաստանի անշարժ գույքի գործակալությունները որևէ թուրքի բնակարան կամ հողատարածք վաճառել: “Կենտրոն” անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանի հավաստմամբ` իրենք թեև այդպիսի գործարք դեռ չեն հասցրել իրականացրել, սակայն արդեն էլեկտրոնային մի շարք նամակներ են ստացել, որոնք, ըստ երևույթին, հենց թուրքերի կողմից են ուղարկված: “Թեև նամակում ներկայանում էին Թոմի կամ այլ անվամբ, որն ըստ էության թուրքական անուն չէ, բայց դրանք հենց թուրքերի կողմից են ուղարկվում”, ասում է Վահե Դանիելյանը` հավաստիացնելով, որ նամակների նման աշխուժություն նկատվում էր հատկապես արձանագրությունների ստորագրման նախօրեին, և արդեն դրանից հետո տարբեր բանակցությունների ժամանակ ակտիվություն է գրանցվում: “Թուրքերի հիմնական հետաքրքությունը ուղղված է ոչ այնքան բնակարանների, որքան ասենք Երևանին ավելի մոտ գտնվող գործարանների տարածքներին” , ասում է Վահե Դանիելյանը` նշելով, որ նամակում ասվում էր, որ հոկտեմբերի 11-ից հետո, արձանագրությունների ստորագրումից հետո ուզում են գալ Հայաստան և իրենց համար հարմար տարբերակներ գտնել: Հարցին` արդյո՞ք նույն զգացողությամբ են տանելու թուրքին որևէ տարածք ցույց տալու, ինչպես կտանեին ասենք ֆրանսիացուն կամ անգլիացուն, պատասխանեց, որ բիզնեսի տեսանկյունից եթե մոտենանք, ապա տրամաբանորեն պետք է տարբերություն չլինի: Տնօրենը սակայն մտավախություն ունի, որ ճիշտ է, թեև անշարժ գույքի շուկան զգալիորեն կաշխուժանա, սակայն դա կլինի մի շարք արժեքներ “տանուլ” տալու գնով` չմտածելով, որ Թուրքիան այսօր կարող է սահմանը բացել, վեց ամիս հետո էլի փակել, իսկ մենք այդ դեպքում այլևս չենք կարողանա հետ բերել մեր արժեքները: “Կասկադ ռիելթի” անշարժ գույքի գործակալության տնօրեն Վարդան Ավագյանն էլ ասում է, որ օրենսդրությամբ արտասահմանցին իրավունք չունի հող գնելու. “Այսինքն` ինքը իրավունք ունի գնել անշարժ գույք, բայց տակի հողը իր սեփականությունը չէ”: Այնուամենայնիվ, Վարդան Ավագյանը նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հետ անշարժ գույքի շուկան կակտիվանա և հավելում, որ կվաճառվեն հիմնականում խանութներ, արտադրամասեր, ինչն էլ ինքնին կբերի բավականին մեծ փոփոխության. այսինքն` Հայաստան հումքն էժան կմտնի, գործարաններ կգնեն, արտադրամասեր կհիմնվեն և այլն: Կասկադ անշարժ գույքի գործակալությունում էլ դեռ որ որևէ թուրքի անշարժ գույք չեն վաճառել: Իսկ ռիելթոր Արմենն էլ այն կարծիքին է, որ միայն թե գնորդ լինի, ազգությունն էլ կապ չունի, ինքն արդեն “բեզարել” է գործարք չանելուց: ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: