Thursday, November 5, 2009

Հայ կոմունիստներ. «Ո՞վ է ասում, որ սխալներ չեն եղել»

Aysor.am- 04.11.2009- «Կարսի պայմանագրի ստորագրումն այն ժամանակվա միակ ճիշտ քայլն էր»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը` Aysor-ի թղթակցի խնդրանքով գնահատական տալով այն հայտարարություններին, թե պետք է հրաժարվել Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականին Կարսում կնքված պայմանագրից: Ըստ բանախոսի, այն ժամանակ Հայաստանն ի վիճակի չէր այլևս դիմագրավելու թուրքական ագրեսիային` գտնվելով շատ ծանր թե’ տնտեսական և թե’ հոգեբանական իրավիճակում: «Չնայած պայմանագիրը ոչ հայանպաստ էր, սակայն այն ժամանակի համար միակ քայլն էր»,- նշեց նա: Ռունեն Թովմասյանի հետ մեկ այլ ասուլիսի ժամանակ համաձայնեց մեկ այլ կոմունիստ՝ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը: Նա նշեց, որ թեև պայմանագիրը հայանպաստ չէր, այնուամենայնիվ, ո'չ Թուրքիան, ո'չ Հայաստանը չեն կարող ժխտել միջազգայնորեն ճանաչված սահմանազատումը: Ըստ բանախոսի, հայության համար ցանկալի՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1920 թվականին կատարած սահմանազատումը կարող է իրականություն դառնալ միայն բանակցությունների արդյունքում, սակայն երբևիցե Անկարան չի համաձայնի Հայաստանին վերադարձնել մոտ 90 հազար քառակուսի կմ: Երկու կոմունիստներն էլ «հիմարություն» են որակում այն հայտարարությունները, թե 1920 թվականից Հայաստանը օկուպացված է եղել Խորհրդային Ռուսաստանի կողմից: Նրանք նշեցին, որ Խորհրդային կարգերը Հայաստանին տվել են վերածննդի հնարավորություն` դարձնելով երկիրը տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը: «Անվճար ուսուցում, բժշկություն, բնակարաններ: Ամբողջ բնակչության թիվը հասել է մինչև 4 միլիոնի, որից միայն Երևանում՝ մոտ 1,5 միլիոնի: Զարթոնք էր ապրում մշակույթն ու գիտությունը: Ի՞նչ օկուպացիայի մասին կարող է խոսք լինել»,- իրարից անկախ շեշտեցին բանախոսները: Կոմունիստները, թերևս, խոստովանեցին, որ խորհրդային տարիների ընթացքում նաև սխալներ են եղել: «Իրոք, խիստ ռեժիմի պայմաներում դրսևորվեց բարբարոսական վերաբերմունք եկեղեցու և մասնավոր սեփականության նկատմամբ: Դա մեզ բերեց այն պատվանդանին, որին այսօր մեր թշնամուն էլ չեմ ուզի տեսնել: Դա պետք է չլիներ, բայց եղել է: Անցածը պետք է մոռանալ», - նշեց Յուրի Մանուկյանը: «Ո՞վ է ասում, որ սխալներ չեն եղել, եղել են: Մենք դրանք արդեն դատապարտել ենք: Յուրաքանչյուր նոր պետականության կառուցման ժամանակ սխալներ կարող են լինել»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

No comments: