Wednesday, November 4, 2009

Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը չի վնասում երրորդ կողմին. ՌԴ ԱԳՆ

Tert.am. 4-11-2009- Հայաստանը և Թուրքիան Ռուսաստանի համար բարեկամական երկրներ են, այդ իսկ պատճառով էլ Մոսկվան շահագրգռված է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ: Այս մասին «Республика Армения» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքերով` Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին հասցված վնաս: Կարասինը հայտարարել է նաև, որ պատրաստ է հետագայում նույնպես աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին` պահպանելով իր համագործակցությունը թե Հայաստանի և թե Թուրքիայի հետ: «Նախ և առաջ, դա վերաբերվում է էներգետիկ և տրանսպորտա-հաղորդակցման ոլորտներին: Ռուսական «Интер РАО ЕЭС» ԲԲԸ-ն, ով օբյեկտներ ունի Հայաստանում, մասնակցում է Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարումներին: «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն պատրաստ է անխափան երկաթգծային հաղորդակցություն ապահովել երկու երկրների միջև` Դողուկապի-Ախուրյան սահմանային անցման միջով: Կան նաև այլ նախագծեր, որոնց իրականացումը կարող է դրական ազդեցություն թողնել հայ և թուրք բնակչության վրա»,- նշել է դիվանագետը:

No comments: