Sunday, November 29, 2009

Ու՞ր են Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը. Գեղամյանի դառը խոսքը

Tert.am. 28-11-2009- ՀՀԿ այսօրվա համագումարում Սերժ Սարգսյանը ելույթի խոսք է տվել նաև «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, որը ելույթի հնարավորությունն անսպասելի է համարել։ Այդուհանդերձ, Գեղամյանը ՀՀԿ համագումարը ճակատագրական է համարել՝ բացատրելով, որ նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանը թևակոխել է իր պատմության ամենավճռական և բախտորոշ փուլը, որը պայմանավորված է նախագահի աննախադեպ նախաձեռնողականությամբ։ Գեղամյանը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ «Գեղամյանը Գեղամյան չլինի, որ մի դառը բան չասի»,- հայտարարել է «Ազգային միաբանության» նախագահն ու ավելացրել. «Ես շատ կցանկանայի այստեղ տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ աշխարհի առջև մենք հանդես գայինք միասնաբար»։ Գեղամյանի խոսքը աժիոտաժ առաջացրեց դահլիճում։

No comments: