
«ԱԶԳ», 28-11-2009- Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտից հրատարակման խնդրանքով ստացել ենք ինստիտուտի նախագահ Գուրգեն (Գրեգ) Սարգսյանի վերոնշյալ խորագրով ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը:
Ներկա պայմաններում, հաշվի առնելով, որ սահմանների որոշումը որեւէ ինքնիշխան պետության իրավունքն է, որ Հայաստանի առաջնորդները երբեք չեն ակնարկել Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալու մասին եւ որ Ղարաբաղյան հակամարտությունը ուղղակիորեն մաս չի կազմում արձանագրություններին, վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերանայելիս մեզ որպես քննության թեմա է մնում միայն «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովը»: Դրա նպատակն է, արձանագրության իսկ բառերով, «երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվումՙ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:
Ահա հենց այս «փոխվստահության» հարցն է, որ ենթահանձնաժողովի ստեղծումը վիճելի է դարձնում ինչպես արձանագրությունները ստորագրող երկու երկրների ներսում, այնպես էլ դրանց համապատասխան սփյուռքներում:
Կան մի քանի պատճառներ դրա համար, բայց ամենաէականն այն փաստն է, որ օգոստոսի վերջում արձանագրությունների հայտարարությունից ի վեր երկու երկրների նախագահներն ամբողջովին հակոտնյա իմաստներ են վերագրել այդ ենթահանձնաժողովին:
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռքահայ ներկայացուցիչներին վստահեցրեց, որ տվյալ ենթահանձնաժողովը չի վիճարկելու ցեղասպանության փաստը, այլ քննարկելու է Թուրքիայում հայկական ժառանգության, դրանց պահպանման եւ վերականգնման, ինչպես նաեւ ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրները: (1)
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այդ հանձնաժողովի նպատակը համարեց «պատմական վճռի կայացումը»: Հոկտեմբերի 6-ին Ստամբուլում նա նշեց. «Ամեն տեսակի պնդումներ են հնչում մեկ դար առաջ կատարվածի մասին: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն թե ինչը որտեղ է կատարվել եւ ինչպես, դժվարանում են որոշում կայացնել: Հուսով ենք, որ պատմաբաններն ու արխիվային մասնագետները կքննարկեն այդ հարցը: Մենք պատրաստ ենք ընդունելու այդ ենթահանձնաժողովի եզրակացությունները: Ցույց տալու համար, որ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին, մենք նույնիսկ ասացինք, որ եթե մի երրորդ երկիր, ասենքՙ Ֆրանսիան, ցանկանում է այդ աշխատանքներին մասնակցել, մենք միայն կողջունենք այդ քայլը»: (2)
Այս երկու մեկնաբանությունները հաշվի առնելովՙ ինչպիսի՞ն կլինի արդյունքը:
Հավանաբար «սառը ցնցուղի» ազդեցություն կգործի 3-րդ երկրի կառավարությունների կամ անկախ գիտնականների վրա: Նաեւ խոչընդոտՙ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված սփյուռքահայ կազմակերպությունների ջանքերին: Որոշ դրական տրամադրվածությամբ խմբակցություններ կուլ կտան առաջընթացի խայծը եւ դրանով իսկ ժխտողականության ակամա դիտորդներ կդառնան: Իսկ այն երկրները, որոնք չէին ցանկանում գործ ունենալ ցեղասպանության հարցի հետ, հիանալի պատճառաբանություն կունենան ասելու, որ ճանաչման ջանքերն անհրաժեշտ չեն, քանի դեռ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միմյանց հետ:
Իրականում մենք արդեն ապացույցներ ունենք նման զարգացումների: Շվեդական երկու թերթերՙ «Մետրոն» եւ «Սվենսկա Դագբլադետը» այլեւս չեն օգտագործում «Հայերի ցեղասպանություն» բառեզրը: «Մետրոյի» գլխավոր խմբագիրը մերժում է որեւէ հոդված տպագրել իր թերթում այդ թեմայով, քանի որ «վստահ չէՙ իրականում կատարվե՞լ է, թե՞ ոչ նման ցեղասպանություն»: (3)
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելության օրերին, Իսպանիան պարտավորվեց օժանդակել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը: «Մենք հիացմունքով ենք հետեւում Թուրքիային եւ նրա արտաքին քաղաքականությանըՙ ուղղված հատկապես իր հարեւանների հետ հարաբերություններին», նշել է Իսպանիայի արտգործնախարար Միգել Մորատինոսը: (4)
Հակառակ նախագահ Սարգսյանի լավ մտադրություններին, շատ դիտորդներ հավատացած են, որ Թուրքիան այդ ենթահանձնաժողովի ստեղծումը օգտագործում է տարհամոզելու համար երրորդ երկրներին (ինչպես Մ. Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային), որ չքննարկեն ցեղասպանության ճանաչմանն առնչվող բանաձեւեր: Այս «խաղի» մասին խոստովանել է 2001 թվին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի թուրք անդամը: (5)
Թաներ Աքչամը շատ հստակ է բացատրում Թուրքիայի անխախտ ժխտողականության պատճառները: Թուրքիայի Հանրապետության հիմքերում ընկած է ազգային ինքնության լեգենդը, Հայոց ցեղասպանության որեւէ ընդունում խախտելու է այդ հիմքերը եւ քայքայելու է խորքային պետության կարողությունները»: (6) Թուրքիայի վարչապետ Էրդողանին մեջբերել են ասելիսՙ «Իր պատմության ընթացքում Թուրքիան երբեք ցեղասպանություն գործելու դաժան բռնությանը չի դիմել: Նման բանի ընդունումը մեզ համար հարցից դուրս է»: (7)
Որոշ մարդիկ ի նպաստ ենթահանձնաժողովի են արտահայտվելՙ հիմք ունենալով, որ միջազգային մասնագետներ են ներգրավվելու դրանում, եւ քանի որ Շվեյցարիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուրեմն հանձնաժողովի եզրակացությունը դրական կլինի:
Նման պնդումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Թուրքիան անտեսում է ցեղասպանությունն ընդունած 20 երկրների որոշումները եւ հաջողությամբ էլ հետ է պահում ուրիշ երկրներին նման որոշում ընդունելուց: Ճանաչողների նպատակն այն էր, որ Թուրքիան մեկուսացված զգա իրեն իր ժխտողական քաղաքականությամբ, մինչդեռ Թուրքիան շարունակում է մնալ քաղաքական եւ ռազմական, իսկ վերջերս նաեւ տնտեսական (աշխարհում 17-րդ տեղն է զբաղեցնում) տեսակետներից աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Այս լծակները նա վարպետությամբ է օգտագործում ստանալու այլ երկրներից այն, ինչ ցանկանում է: Երբ Իսրայելը, Մեծ Բրիտանիան եւ Մ. Նահանգները խուսափում են ճանաչել ցեղասպանությունը, նրանք ոչ թե կասկածում են պատմական փաստի գոյությանը, այլ սոսկ քաղաքական, ռազմական եւ տնտեսական նկատառումներով են (այսինքնՙ ռեալպոլիտիկ) դա անում:
Կարծես Հայաստանն էլ է ցանկանում այդ խաղում ներգրավվել: Թուրքիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով ցեղասպանության հարցը բանակցությունների սեղանին դնելովՙ Հայաստանը զրկվում է իր միակ լծակիցՙ անառարկելի ճշմարտությունից: Այժմ արդեն բոլոր երկրներն էլ նույն «ռեալպոլիտիկ» խաղն են խաղալու ցեղասպանության հարցում, նշելով, որ Հայաստանն ինքն է այդ խաղում ընդգրկված:
Արձանագրությունների պատճառով սրվել են Սփյուռք-Հայաստան հարաբերությունները: Խորհրդային ժամանակաշրջանում դրանք այնքան էլ լավ չէին: Անկախության առաջին տարիներին դրությունը մնաց նույնը, բայց հետագայում սերտացումը նկատելի առաջընթաց էր արձանագրել: Հիմա կարծես դարձյալ բեւեռացվում են հարաբերությունները, եւ մարդիկ իրար հարցնում են. «Ո՞ւմ կողմից ես»:
Նույնիսկ եթե, ինչ-ինչ պատճառներով, Հայաստանի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, միեւնույնն է, ցեղասպանության հարցը բաց քննարկման առարկա դարձնելն արդեն իսկ օգտագործվելու է առաջ տանելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Ծանոթագրություններ
(1) «Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ», «Արմինյն ռիփորթր», հոկտ. 3, 2009 թ., էջ 4:
(2) «Գյուլը պատմաբաններին հրավիրում է «քննարկելու» ցեղասպանությունը»: «Ասպարէզ», հոկտ. 6, 2009 թ. (http://www.asbarez.com/2009/10/06):
(3) «Շվեդ. թերթերը հարցականի տակ են դնում «Հայոց ցեղասպանությունը»: «Թուդեյ-Ազ», հոկտ. 23, 2009 թ. (http://www.today.az/news/politics/56860.html):
(4) Իսպանիան պարտավորվում է օժանդակել Թուրքիային Եվրոմիության հարցում»: «Թուդեյզ զաման», նոյ. 16, 2009 թ.:
(5) «Կալիֆոռնիա կուրիեր օնլայն», նոյ. 15, 2001 թ., վկայակոչելով «Ազերի 525-Գազեթ» թերթի 2001-ի հուլիսի 19-ի համարը, որտեղ TARC-ի անդամ Օզդեմ Սանբերքն ասում է. «Մեր գլխավոր նպատակը խոչընդոտելն է ամեն տարի Մ. Ն.-ի Կոնգրեսում եւ արեւմտյան երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հայտնությանը, որը հետապնդում է Թուրքիային թուլացնելու խնդիրը: Ինչքան ժամանակ, որ մենք շարունակենք երկխոսությունը, այդ հարցը Կոնգրես կամ այլ խորհրդարաններ չի մտնի: Եվ դրանից Թուրքիան կշահի»:
(6) Թաներ Աքչամ, «Հայոց ցեղասպանությունը եւ թուրքերի լռությունը»: Հեղինակի «Dialogue Across an International Divide: Essays towards a Turkish-Armenian Dialogue» գրքում, Քեմբրիջ (Մասաչուսեթս) եւ Տորոնտո, «Զորյան» ինստիտուտ, 2001 թ., էջ 75-101:
(7) «Թրքիշ ուիքլի» շաբաթաթերթ, 2001 թ. մայիսի 18-ի համարը:
Թարգմ. Հ. Ծ.
No comments:
Post a Comment