Monday, November 23, 2009

Ըստ Վ. Շիրխանյանի` հայկական կողմը չի գնա շրջանակային պայմանագրի ստորագրմանը

7or.am 23.11.2009 -Դա հերթական հանդիպում է,- գնահատելով նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը,- իսկ ադրբեջանական հիստերիան պետք է ընդունել որպես այդպիսին, քանի որ դա միշտ եղել է՝ ռազմաշունչ հայտարարություններ, թե սա վերջինն է, սրանից հետո այլևս չգիտես ինչ է լինելու։ Դրանք ներքին օգտագործման և հիստերիկ հայտարարություններ են։ Դրա փոխարեն Վ. Շիրխանյանին ավելի է անհնագստացնում դեկտեմբերի 2-ին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, և որտեղ կարող է որոշում կայացվել՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագների զեկույցների վրա։ Իսկ այն, որ հայկական կողմը միջազգային ճնշման ներքո կարող է համաձայնել շրջանակային պայմանագրի ստորագրմանը, ՍԴՀԿ անդամը քիչ հավանական է համարում, քանի որ կարծում է, որ Հայաստանի իշխանությունն այդ քայլին չի դիմի՝ առաջին հերթին Արցախի ժողովրդի հակազդեցությունն աչքի առաջ ունենալով. -Այսօր դեռևս այդքան չի զգացվում կոնկրետ վերաբերմունքը՝ Արցախի ազատագրված տարածքները հանձնելու հետ կապված։ Երբ դա դառնա փաստ և սկսվի իրագործվել, այլ իրավիճակ է լինելու, և իշխանությունը դա շատ լավ է պատկերացնում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների փոխկապակցվածությունն էլ, ըստ Վ. Շիրխանյանի, Ցյուրիխից հետո բացահայտվեց նաև Մյունխենում։ -Թուրքիային բոլորովին ձեռնտու չէ կորցնել Ադրբեջանը՝ Հայաստանի սահմանը բացելու հեռանկարով,- կարծիք է հայտնել Վ. Շիրխանյանը։- Հայաստանի սահմանի բացման հետ կապված՝ Թուրքիան, իհարկե, ունի նաև այլ շահեր և ունի արտաքին ճնշում, որովհետև հայ-թուրքական սահմանի բացումն անհրաժեշտ է ոչ միայն Թուրքիային, այլև առաջին հերթին նրան ճնշողներին։ Բայց կարծում եմ, որ Թուրքիան ավելի շուտ կգնա Ադրբեջանի հետ իր հարաբերությունները պահպանելուն, քան այդ ճնշումներին ենթարկվելուն։

No comments: