Friday, November 27, 2009

Սինան Օգան. Եռանախագահները Հայաստանի վրա ճնշում չեն գործադրի

Panorama.am. 27-11-2009- «Մինչև 2010 թվականի ապրիլը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և հայ-թուրքական սահմանների բացման հավանականությունը բարձր չէ, իսկ դրանից հետո էլ հեշտ չի լինելու»,- կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի տնօրեն, փորձագետ Սինան Օգանը: Հայտնում է «Աքշամ» (Aksam) օրաթերթը: Ըստ օրաթերթի` վերջինս ընդգծել է, որ ղարաբաղյան հարցը հայ հասարակության համար չափազանց զգայուն հարց է: Բացի այդ, Հայաստանի տնտեսական շահերը պահանջում են, որ հայերը դուրս չգան Ղարաբաղից: Հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները կարող են, արդյոք, դիտվել իբրև Բաքվին տրված երաշխիք, Սինան Օգանը պատասխանել է. «Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հարցը չի շոշափվում: Բայց վարչապետ Էրդողանի` «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, սահմանը չի բացվի» խոսքերը կարելի դիտել որպես երաշխիք: Նախևառաջ հարկավոր է վերջ դնել Ղարաբաղին հարակից շրջանների «զավթմանը»,- ասել է Օգանը: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում բարեհաջող կատարել իր միջնորդական առաքելությունը: Սինան Օգանը նկատել է տվել, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են այն երկրները, որտեղ հզոր հայկական լոբբի կա: «Հետևաբար, սպասվում է, որ եռանախագահները Հայաստանի վրա ճնշում չեն գործադրի»,- եզրակացրել է թուրք փորձագետը:

No comments: