
/PanARMENIAN.Net/ 06.11.2009 - Նոյեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ:
Ռոբերտ Սիմոնսի գնահատմամբ` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները շատ լավ հարթության վրա են: Նա հույս է հայտնել, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:
Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրված արձանագրությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ օրակարգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
No comments:
Post a Comment