Monday, November 23, 2009

ԺԱՆՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Lragir.am 23.11.2009 - Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի պատմագրությունը հարստացավ եւս մի անվանումով` Մյունխեն-2009: Նոյեմբերի 22-ին այդ քաղաքում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, եւ ինչպես հայտարարել էր հանդիպման կազմակերպիչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն, “արձանագրեցին կարեւոր առաջընթաց”: Այդ առաջընթացը թերեւս այն է, որ նախագահները տվել են հաջորդ հանդիպման համաձայնություն: Սակայն Հայաստանում օրինակ կա մի զգալի խավ, հասարակության մի մեծ մաս, այդ թվում եւ ընդդիմությունը, որը համարում է, որ Ղարաբաղի հարցի առաջընթացը ոչ թե տեխնիկա-կազմակերպական է, այլ գործնական-բովանդակային եւ դրա էությունն այն է, որ էլ ավելի է մոտենում ոչ հայանպաստ համաձայնագրի ստորագրումը եւ իրականացման պարտադրանքը: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ “պարտադրանքը” մոտենում, մոտենում, սակայն տեղ չի հասնում արդեն քանի տարի: Արդեն քանի տարի է, ինչ Հայաստանի ընդդիմությունը կամ ընդդիմությունները, իրար փոխելով, չեն փոխում իշխանության դեմ պայքարի իրենց զինանոցի առանցքային հարցը` “Ղարաբաղը ծախելու” պնդումը: Գրեթե առանց բացառության բոլոր ընդդիմություններն առաջին հերթին եւ հիմնականում զինվում են դրանով: Դժվար է ասել, թե հատկապես ինչով է դա պայմանավորված: Գուցե ընդդիմությունները մտածում են, որ ինչ հարցով էլ հասարակությունը չմոբիլիզանա՝ Ղարաբաղի հարցով մոբիլիզացումը կլինի անխուսափելի: Գուցե ընդդիմություններն իսկապես համարում են, որ ամենակարեւոր հարցը Հայաստանի եւ հայ հասարակության համար դա Ղարաբաղի հարցն է, եւ մնացյալ ամեն ինչ ընդամենը ածանցյալ է դրան: Բայց գուցե նաեւ ընդդիմությունների համար սա շատ հարմար հարց է զուտ քարոզչական տեսանկյունից, քանի որ “ծախելու” մեղադրանքը միշտ էլ սարսափազդու է, իսկ քանի որ բանակցությունը շարունակվում է, միշտ էլ կարելի է այդ մեղադրանքը հնչեցնել` միշտ էլ կարելի է ասել, թե “ուր որ է ծախում են” կամ “արդեն ծախել են, եւ ուր որ է կդառնաք դրա ականատեսը”: Բայց, ստատուս-քվոն դեռ շարունակում է պահպանվել, իսկ բանակցությունը ձգձգելու կապակցությամբ Ադրբեջանի դժգոհությունն էլ վկայում է, որ այն դեռ երկար ժամանակ պահպանվելու է: Այնպես որ, Մյունխենի “կարեւոր առաջընթացը” գուցե վերաբերում է հենց դրան, քանի որ ով գիտե, թե ինչեր կարող են տեղի ունենալ Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում այստեղ ստատուս-քվոյի փոփոխությունից հետո: Չէ որ կան բազմաթիվ հարցեր, որոնք դրանից առաջ պետք է պատասխան ստանան: Օրինակ, կարող է արդյոք որեւէ մեկը բացատրել, թե ինչի համար է “աշխարհը ուզում տարածքները վերադարձնել Ադրբեջանին”: Ասում են, թե այդ ցանկությունը պայմանավորված է տարածաշրջանը կոմունիկացիոն խաչմերուկ դարձնելու նպատակներով, ինչի համար էլ ցանկանում են հակամարտությունն արագ կարգավորել, որ գազի, նավթի եւ այլ խողովակներ անցկացնեն: Դա կարծես թե լիակատար մոլորություն է: Խողովակներն ու նավթամուղները տարածաշրջանում ընդամենը ազդեցությունների համար պայքարի արդյունք են լինելու: Այսինքն, դրանք ոչ թե համաձայնություն են արտահայտելու, այլ արտահայտելու են պայքարի արդյունք: Հետեւաբար, դրանք չեն կարող լինել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գերտերությունների կոնսենսուսի խթան, որովհետեւ Ղարաբաղի հակամարտությունն այդ գերտերությունների համար հանդիսանում է ազդեցությունների համար պայքարի գործիք: Ամեն ինչ կարծես թե առավել քան պարզ է: Եթե որեւէ գերտերություն նույնիսկ ցանկանում է, որ ստատուս-քվոն խախտվի խողովակ անցկացնելու համար, ապա միայն այն նկատառումով, որ խողովակի փականը լինի իր ձեռքին: Հետեւաբար մյուս գերտերությունն էլ չի ցանկանա, որ ստատուս-քվոն խախտվի, եթե այդ փականը լինելու է ուրիշի ձեռքին: Կարեւոր չէ, թե այդ տերություններից որն է Ռուսաստանը, որն է Ամերիկան: Կարեւոր չէ, թե նրանցից ում են օգնում կամ խանգարում Եվրոպան, Թուրքիան, Իրանը: Էականը տվյալ դեպքում իրադրության տրամաբանությունն է: Եվ առնվազն անհասկանալի է Հայաստանի տարբեր ժամանակների ընդդիմությունների տրամաբանությունը, որոնք շարունակում են իրենց քարոզչական զինանոցը առավելապես լիցքավորել “Ղարաբաղը ծախելու” մեղադրանքով: Միթե պարզ չէ, որ Հայաստանի իշխանությունը ցանկության դեպքում անգամ չի կարող Ղարաբաղ ծախել, չի կարող որեւէ կերպ նպաստել ստատուս-քվոյի խախտմանը, եթե այդ ստատուս-քվոն բավարարում է տարածաշրջանում ազդեցության համար պայքար մղող գերտերություններին: Նրանք գուցե այդքան էլ չեն հրճվում այդ ստատուս-քվոյից, բայց ստատուս-քվոյի հանդեպ նրանց վերաբերմունքն առնվազն նման է այն վերաբերմունքին, որ հայ հոգեւորականները դարեր առաջ դրսեւորել էին Եղիազար Այնթապցու հանդեպ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: