
Aysor.am. 26.12.2009- Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ այսօր ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի լրատվամիջոցների ղեկավարների և ՀՀ նախագահի աշխատանքը լուսաբանող լրագրողների հետ`լրատվական դաշտի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ:
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ երկրի ղեկավարն ասաց.
«Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով և հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից: Այսպիսով` նաև դուք եք գրում մեր պետության տարեգրությունը: Իմ ցանկությունն է ու մաղթանքը, որ այդ տարեգրությունը լինի հնարավորինս անաչառ և ամբողջական: Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաև այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և առկա մթնոլորտի մասին: Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստի սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների:
Մենք գնահատում ենք ձեր բարդ, երբեմն նաև քաղաքացիական խիզախություն պահանջող աշխատանքը: Համոզված եղեք, որ մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ ցանկացած, նորից եմ կրկնում, անշահախնդիր և սրտացավ հրապարակում արժանանում ու արժանանալու է համապատասխան ուշադրության, և դուք ձեր հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում եք իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք և չկորցնելու զգոնությունը:
Մաղթում եմ, որ նոր տարում դուք մեր երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենաք: Երբ աշխարհի որևէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը: Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը: Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները և այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց:
Մաղթում եմ, որ նոր տարում նաև ձեր եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության և հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որևէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար:
Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատվական ողջ դաշտի համար: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր տարվա ընթացքում լուսաբանել են Հանրապետության Նախագահի և Նախագահի աշխատակազմի գործունեությունը: Հանրագումարի բերելով տարվա ընթացքում արածը` ամբողջության մեջ հեշտ է նկատել, թե որքան ջանք ու ժամանակ է պահանջվել յուրաքանչյուրիցդ և ձեր գործընկերներից այդ ամենի համար:
Համոզված եմ, որ համագործակցելով, նաև հակադիր տեսակետները մատնացույց անելով` մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը և եկող` 2010 թվականը դառնալու է այդ առաջընթացի խոսուն վկան:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2010թվականին լինեք ակտիվ, անաչառ և սկզբունքային»:
Ի դեպ, ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, երկրի ղեկավարը 2010 թվականը կդիմավորի տանը` ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ միասին, ինչպես ընդունված է հայկական օջախներում:
No comments:
Post a Comment