Thursday, December 17, 2009

ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ

«Լրագիր» 17-12-2009- Հայաստանի մեդիա միջավայրի ուշադրության կենտրոնում է հայտնվել սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցող զարգացումը: Ինչպես հայտնի է, կուսակցության մեջ մի խումբը պայքարում է մյուս խմբի դեմ, մեկը մյուսին մեղադրում է կանոնադրությունը խախտելու, կուսակցությունը թուլացնելու, պառակտելու, իշխանության պատվեր կատարելու եւ այլ մահացու մեղքերի համար: Այդ ամենն էլ հայտնվել է հայկական մամուլի ուշադրության կենտրոնում եւ դարձել աշխույժ լուսաբանումների եւ քննարկումների առարկա: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության խմորումները նույնիսկ հավակնում են լուսաբանման առումով մրցակցել հայ-թուրքական գործընթացի եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման անցուդարձի հետ: Կա մի շարք հանգամանքներ, որոնք գուցե արդարացնում են հնչակյան կուսակցությունում տեղի ունեցողի հանդեպ մեծ ուշադրությունը: Մեկն այն է, որ կուսակցությունն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս է, իսկ մյուսն այն, որ կուսակցության խմորումների մեջ խառն է համարվում իշխանության մատը: Որեւէ այլ բան, որի համար արժեր ուշադրություն դարձնել ներհնչակյան իրադարձություններին, թերեւս չկա, ինչքան էլ որ այն համարվի ավանդական կուսակցություններից, առաջին հայկական կուսակցություններից մեկը: Բայց արդյոք կոնգրեսի անդամ կամ իշխանության թիրախ լինելը բավական է հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Հազիվ թե: Ի վերջո, Հայ ազգային կոնգրեսի ուժը հնչակյան կուսակցություն ունենալ-չունենալը չէ, իսկ իշխանության հաջողության գրավականն էլ հաստատ հնչակյան կուսակցությունը պառակտելը եւ այն Հայ ազգային կոնգրեսից պոկելը չէ, ինչպես ենթադրում են ոմանք: Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսին եթե ինչ որ բան հաջողվել է, ապա դրանցից մեկը հաստատ այն է, որ կոնգրեսից դուրս եկողներն են տուժում, ոչ թե կոնգրեսը: Իհարկե, կարող է լինել մի կրիտիկական աստիճան, որից անդին անդամազրկվելու պարագայում կոնգրեսն էլ կսկսի տուժել: Բայց այդ աստիճանը այժմ թերեւս բավական հեռու է եւ կոնգրեսի համար մտահոգիչ որեւէ բան կարծես թե չկա, առավել եւս, որ կոնգրես-հասարակություն կապը կառուցվում է բոլորովին այլ, ոչ թե քանակական ընկալումների վրա: Իշխանության համար էլ հազիվ թե հնչակյանների պառակտումը կարող է լինել անվտանգության գրավական: Գուցե իշխանությունը կարծում է, որ հնչակյաններին պառակտելով, կարող է հարվածել Հայ ազգային կոնգրեսին: Դա կարող է լինել արդարացված մարտավարություն` կամաց-կամաց մասնատել կոնգրեսը, վերջում այնտեղ թողնելով միայն երկու-երեք կուսակցություն: Բայց երեւի թե իշխանությունն ինքը ամենից լավ պետք է գիտենա, որ կուսակցությունների քանակը հանրային ընկալումներում չի կատարում որոշիչ դեր: Եթե կատարեր, ապա բոլոր համապետական ընտրություններում իշխանության անվերապահ հաղթանակը պետք է լիներ ակնթարթային, որովհետեւ իշխանության կողքին կանգնում են մի քանի տասնյակ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ: Բայց միեւնույն է, հասարակության համար դա որեւէ նշանակություն չունի, եւ իշխանությունը կրկին ստիպված է լինում կեղծել ընտրությունը: Երեւի թե իշխանությունը պետք է որ հասկացած լիներ այդ պարզ ճշմարտությունը: Ուրեմն ինչ է կատարվում իրականում: Թերեւս դա այդքան էլ էական չէ, որովհետեւ Հայաստանում էական շատ այլ խնդիրներ կան, որոնք ունեն ուշադրության կարիք եւ լուծման կարիք: Իսկ հնչակյան կուսակցության անդամները լուծում են իրենց խնդիրները: Նրանց պետք չէ խանգարել: Թող լուծեն: Բոլոր այն կուսակցությունները, որոնք կարող են պառակտվել, պետք է պառակտվեն: Բոլոր կուսակցությունները, որտեղ կարող են տեղի ունենալ այդպիսի իրադարձություններ, թող տեղի ունենան: Դա միայն ու միայն նպաստում է իրավիճակի ավելի ու ավելի բացահայտմանը: Ինչ արած, որ Հայաստանում իրավիճակն այդքան տխուր է, որ ինչքան բացահայտես, այնքան կբացահայտվի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: