Thursday, December 24, 2009

Պան Գի Մունի ուշադրությունը հրավիրել են Արցախյան հիմնախնդրին

Aysor.am. 23-12-2009- «Շուշի» բարեգործական հիմնադրամի և «Հանուն արդարության շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Բակուր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ բաց նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` «վերջինիս ուշադրությունը հրավիրելու Արցախյան հիմնախնդրին առնչվող կարևոր հանգամանքների վրա, որոնք դուրս են մնացել ԵԱՀԿ համանախագահների ուշադրությունից»: Բ. Կարապետյանը հայտնեց նաև, որ նմանօրինակ նամակ ինքը հղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն «ոչ մի պատասխան չի ստացել»: Այդ է պատճառը նաև, որ նա որոշել է այս անգամ բաց նամակ հղել: Բ. Կարապետյանը Պան Գի Մունին ուղղված նամակում անդրադարձել է Արցախի ազատագրված տարածքների հարցին և դրանք «քուրդ բնակչությամբ վերաբնակեցնելու խնդրին», քանի որ այդ հարցերը միջազգային ատյաններում շահարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նամակում պատմական անդրադարձ կատարելով` նա հայտնում է նաև, որ «Բաքվի իշխանությունները ծրագրել են քուրդ բնակիչների փոխարեն այդ տարածքներում բնակեցնել հատուկ ճամբարներում նախապատրաստվող գրոհայինների` իրենց ընտանիքներով»: Ըստ Բ. Կարապետյանի` «գրոհայինները, վերաբնակեցվելով ազատագրված տարածքներում, պարտիզանական պատերազմներ են սկսելու Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության հետ»: Նրա խոսքերով, հենց նմանօրինակ զարգացումները կանխելու նպատակով է, որ բաց նամակն ուղղվել է նաև Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպադին և ԵԱՀԿ նախագահ Ղազախստանի արտգործնախարարին:

No comments: