Monday, December 14, 2009

Առաջին անգամ ազգությամբ հայը Թուրքիայում դարձել է պետական պաշտոնյա

Panorama.am. 14-12-2009- Հանրապետական Թուրքիայի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ պետական պաշտոնյա է նշանակվել ազգությամբ հայ: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ Լեո Սուրեն Հալեպլին պատվով հաղթահարել է բանավոր քննության փորձությունը և, գերազանցելով մրցակից թեկնածուներին, ընդգրկվել Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով զբաղվող գլխավոր քարտուղարության աշխատակազմում: Այդ պաշտոնին հավակնող 118 թեկնածուներից Հալեպլին ընդգրկվել է 42 լավագույնների մեջ: Վերջին վճռորոշ հարցազրույցը անցկացվել է Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության (MIT) կողմից: «Դրական գնահատականի արժանանալով` Հալեպլին Եվրոպայի դիվանագիտական արենայում` Եվրամիության միջանցքներում, ներկայացնելու է Թուրքիան»,- գրում է «Hurriyet»-ը: Լեո Սուրեն Հալեպլին երկու քննություններում էլ ստացել է ամենաբարձր գնահատականը: Տեղեկացվում է, որ դիմորդների թվում Հալեպլիից բացի եղել են երկու հայեր ևս, որոնցից մեկը քննություններին չի ներկայացել, իսկ մյուսը կտրվել է գրավոր քննությունից: Հիշեցնենք, որ Լեո Սուրեն Հալեպլին ծնվել է 1981թ. Ստամբուլում: Սովորել է Փանգալթի հայկական նախակրթարանում, ապա` Ռոբերթ վարժարանում, այնուհետև համալսարանական կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

No comments: