Wednesday, December 9, 2009

«Ո՞վ է հովանավորում իրենց օրենքից վեր համարող մինի վարչապետներին»

«ՀԵՏՔ» 8-12-2009- «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը դեկտեմբերի 8-ի նիստում. «Հայտարարությունս վերաբերվում է Շիրակի մարզի Ողջի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում ընտրված Գոհար Աբրահամյանի նկատմամբ մարզպետ տիկին Նանյանի կամայականություններին: Սա միակ դեպքը չէ, որ մարզպետները կամայական մոտեցում ունեն մրցույթներում հաղթած տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը չկնքելու վերաբերյալ: Նույն պատմությունը կրկնվում է Սյունիքի մարզի Որոտան գյուղի եւ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի դպրոցների ընտրված տնօրենների հետ, որովհետեւ ուժի մեջ է նախկին կարգը, այսինքն խորհրդով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի մարզպետը: Շիրակի մարզի Ողջի համայնքի դպրոցի խորհրդի հայտարարած մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանն անցած երեք ամսում մի քանի տասնյակ անգամ այցելել է Շիրակի մարզպետարան` ակնկալելով իր հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու մասին որեւէ խելամիտ բացատրություն ստանալ մարզպետից, սակայն` ապարդյուն: Գոհար Աբրահամյանն ու դպրոցի խորհրդի նախագահը մի քանի անգամ դիմել են ՀՀ ԿԳ նախարարին եւ տարածքային կառավարման նախարարին` նկարագրելով ամբողջ պատմությունը եւ խնդրելով միջամտել, միջոցներ ձեռք առնել մարզպետի անգործությունը վերացնելու համար: Ի՞նչ իրավունքով մարզպետ Լիդա Նանյանը, իր ձեռքում ունենալով Ողջի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն ընտրվելու մասին Գոհար Աբրահամյանի բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ` 19.11.09 ԿԳ նախարարի կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարին ուղղված նամակը, որով առաջարկվում է հանձնարարել Շիրակի մարզպետին 5 տարով աշխատանքային պայմանագիր կնքել Գոհար Աբրահամյանի հետ, ձգձգում է նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքումը: Ի՞նչ իրավունքով նա մինչ օրս պատշաճ բացատրություն չի տալիս դպրոցի ընտրված տնօրենին իր պարտականությունները չկատարելու եւ դպրոցի բնականոն գործունեությունը խոչընդոտելու համար: Մի՞թե տիկին Նանյանի խիղճը ոչինչ չի հուշում իրեն, որ իր ապօրինի, կամայական գործելակերպի հետեւանքով մարդու իրավունքն է ոտնահարվում, որը մարդու առողջության քայքայման պատճառ կարող է դառնալ, այն կարող է ողբերգական վախճան ունենալ, ինչպես եղավ Գյումրիի թ. 19 դպրոցի խորհրդի նախագահի անժամանակ մահվան դեպքում: Տեղին է մարզպետներին հիշեցնել Հանրապետության նախագահի` Հանրապետական կուսակցության համագումարում ունեցած ելույթից հետեւյալ միտքը. «Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի»: Տեսնես, վերոնշյալ պաշտոնյաները հասկացե՞լ են, որ ասվածը հենց նրանց է վերաբերվում, ովքեր իրենց ապօրինի եւ հակաժողովրդավար գործունեությամբ դարձել են մեր հասարակության մեջ արմատացած չարության պատճառը: Հարգելի պարոն վարչապետ, ո՞վ է հովանավորում իրենց օրենքից վեր համարող մինի վարչապետներին: Ո՞վ է կարգի հրավիրելու նրանց, մինչեւ երբ է մեր հասարակությունը դատապարտված հանդուրժելու այս անօրեններին»:

No comments: