Wednesday, January 20, 2010

Լրագրողների հանդեպ իրականացված բռնությունները մնում են անպատի՞ժ

Aysor.am. 19-1-2010- Այսօր ասուլիսում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների վիճակի վերաբերյալ 2009 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած առավել աղաղակող դեպքերը: Նա անդրադարձավ «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին 1 տարի առաջ ծեծի ենթարկվելու մի քանի դեպքերին, «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվելու, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ իրականացված բռնության, մայիսի 31-ին ընտրությունների ժամանակ մի շարք լրագրողների հանդեպ իականացված բռնություններին և այլն: Մ. Հարությունյանը նշեց, որ լրագրողների նկատմամբ իրավախախտումներ իրականացրած անձինք, հիմնականում, պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ Հայաստանի դատարաններում մերժումներից հետո, լրագրողներից ոմանք իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստեց, որ անցած տարին աչքի է զարնում դատական գործերի առատությամբ և, եթե, իսկապես, Հայաստանում ձևավորված լիներ անկախ դատական համակարգ, դա կարելի էր համարել շատ դրական միտում, որովեհտև մարդիկ խնդիրներն ինֆորմացիոն ոլորտում փորձում են լուծել դատական ատյաններում, ոչ թե մութ անկյուններում` մահակների և բռունցքների միջոցով. «Սակայն, քանի որ մեր դատական համակարգն առայժմ այնպիսին է, որ միշտ չես կարող արդարության հասնել, շատ ժամանակ հաղթում է ավելի հարուստը և շատ լծակներ ունեցողը, դա թույլ չի տալիս մեզ լավատեսորեն նայել ապագային»:

No comments: