Panorama.am. 9-1-2010- Այսօր 40 հոգուց բաղկացած հայ խաղաղապահ գումարտակը Հայաստանից մեկնեց Գերմանիա, այնուհետև` Աֆղանստան` խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Խաղաղապահների մեկնման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Միջազգային հանրության մեջ մեր Զինված ուժերի ձեռք բերած վարկն ու հեղինակությունը, և նաև մեր պետության, որպես միջազգային հանրության լիարժեք անդամի կայացումը, մեր առջև բարոյական պարտավորություն է ստեղծում, որպեսզի մենք մասնակից լինենք այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգում են միջազգային հանրությանը: Մենք չենք կարող անմասն մնալ միջազգային կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ անցկացվող միջոցառումներից: Դա բխում է ՀՀ ազգային անվտանգության առանձնահատկություններից և առաջնահերթություններից: Հավաստիացնում եմ, որ կատարելով ձեր առաքելությունն Աֆղանստանում, դուք անգնահատելի ծառայություն եք մատուցում մեր հայրենիքին: Պետք է հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք: Ձեր գործողությունները նրանց պաշտպանելն է, և այդ գործում պետք է լինեք աչալուրջ», -դիմելով զինվորականներին` իր ելույթում ասաց նախարար Օհանյանը:
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին` նյութական ու բարոյական աջակցության համար, ինչի շնորհիվ հայկական անձնակազմի` Աֆղանստանում տեղակայման խնդիրներն ամբողջությամբ ապահովված են:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հետ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագրի համաձայն, Հայաստանից Աֆղանստան մեկնող 40 մարդուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը ապահովելու է Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը:
Հայ խաղաղապահների կազմում են հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը, մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը:
Sunday, January 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment