Tuesday, January 19, 2010

Կազիմիրով. Շատ արհեստական հարցեր կան

Aysor.am. 18.01.2010- «Հայ-թուրքական հարաբերությունները կապ ունե՞ն հայ-ադրբեջանականի հետ, թե՞ չունեն: Էդրողանի` Մոսկվա կատարած այցի ժամանակ շատ հարցեր կային, Լավրորվի` Երևան այցի ժամանակ ևս շատ հարցեր են քննարկվել, սակայն ինձ թվում է` շատ արհեստական բաներ կան»,- այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում Մոսկվայից նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը: Նա ասաց, որ երկու այցերի ժամանակ էլ քննարկվել է Ղարաբաղյան հարցը, սակայն Կազիմիրովի խոսքերով, Ռուսաստանը մեղավոր չէ, որ Ղարաբաղը հայտնվել է բանակցային գործընթացից դուրս: Երևանից Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ եթե Ղարաբաղյան հարցի լուծում ասելով` նկատի է առնվում հարցի կարգավորումը, ապա հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն Ղարաբաղյան խնդրի արդյունքի հետ, սակայն հարաբերությունների նորմալացումն ազդում է ընդհանուր գործընթացի վրա. «Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ուստի պարզ է, որ տարածաշրջանային իրողությունները կարող են որոշակի փոփոխություններ առաջացնել նաև Ղարաբաղյան հարցում»: Կրկին հայկական կողմից քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հավելեց, որ Հայաստանը բազմաթիվ անգամներ է շեշտել, որ դրանք առանձին գործընթացներ են, սակայն քաղաքագետն այն համոզմունքը հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կազդի ողջ տարածաշրջանի վրա: ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովի խոսքերով, Ղարաբաղյան հիմնախնդիրը` առաջին հերթին, պետք է դիտարկվի որպես հակամարտություն` Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: «Ինչպես Ռուսաստանն ընդամենը եկել է օգնելու Օսիային, երբ նրա բնակիչները ցեղասպանության առաջ էին կանգնած, այդպես էլ Հայաստանը եկավ օգնելու Ղարաբաղի բնակիչներին, երբ այնտեղ էր ստեղծվել ցեղասպանության մթնոլորտ»,- Մոսկվայից ասաց Հարությունովը: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը ևս գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ուղիղ իմաստով Ղարաբաղյան հարցի կարգավորման արդյունքի վրա չի ազդի, այլ միայն գործընթացի: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազայի` Հայաստանում լինել-չլինելուն, ապա կողմերը համամիտ են, որ չկան այնպիսի գործողություններ, որից ռազմաբազան կպաշտպանի հայերին, սակայն այն խորհրդանշական է, բացի այդ` նաև պատկերացնել, թե հայ-թուրքական հարաբերություններն այնքան կզարգանան, որ ռազմական բազայի կարիքը չլինի, բանախոսները ևս չեն կարող: Նրանք նաև միակարծիք են հարցի շուրջ, որ, ամենայն հավանականությամբ, որևէ նոր համաձայնագիր առաջիկա այցերի ժամանակ չի կնքվի:

No comments: