Wednesday, January 20, 2010

CnnTurk. Հայաստանն արձանագրային գործընթացը մտցրեց փակուղի

Tert.am. 20-1-2010- «Հայաստանի Սահմանադրական դատարանը կոտրեց Արձանագրությունների հիմնասյուներից մեկը, և այսուհետ խոսել առաջընթացի մասին շատ դժվար է լինելու։ Այս ամենի համար շատ երջանիկ են դաշնակցականներն ու սփյուռքը»,- գրում է CnnTurk-ի հոդվածագիրներից Թահա Աքյոլը` մեկնաբանելով ՀՀ ՍԴ-ի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած վճիռը և այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության հակազդեցությունը: Ըստ Թահա Աքյոլի` հայ-թուրքական արձանագրություններն ունեն երեք հիմնասյուն. 1. Երկրների տարածքային ամբողջականության և սահմանների ճանաչում։ 2. Պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորմամբ 1915-ի իրադարձությունների քննարկում։ 3. Խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումից հետո երկամսյա ժամկետում սահմանների բացում… ««1915-ի իրադարձությունների» քննարկման ուղին փակելով` Հայաստանի ՍԴ-ն կոտրեց «պատմական հանձնաժողով» հիմնասյունը։ Արտգործնախարարության ձևակերպմամբ` խարխլեց բանակցային գործընթացը»,- նշում է Աքյոլը` ավելացնելով, որ Թուրքիայի հիմնական թեզերից մեկը պատմաբանների համատեղ հանձնաժողովի միջոցով 1915-ի իրադարձությունների քննարկումն է։ «Եթե դա չլինի, որևէ ժողովրդավարական իշխանություն Արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողով չի ուղարկի, խորհրդարանն էլ չի վավերացնի»։ Թուրք հոդվածագիրն ստեղծված իրավիճակի ողջ մեղքը բարդում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման, իսկ պատասխանատվությունը` հայաստանյան իշխանությունների վրա` հավելելով, որ տվյալ պահին Թուրքիան հայտնվել է ավելի շահեկան վիճակում։ «Արձանագրությունները ՍԴ-ի որոշման հետևանքով հայտնվեցին փակուղում։ Այժմ Թուրքիայի ձեռքում են հայտնվել նոր փաստարկներ իր բարի նպատակը միջազգային հանրությանը բացատրելու համար… Սահմանադրական այս խնդիրը հայստանյան իշխանություններն իրենք պետք է լուծեն»,- եզրափակում է թուրք հոդվածագիրը։

No comments: